«Փաշինյանն ու կինը ձեռք են առնում ժողովրդին. պոռթկում է լինելու». Կարինե Նալչաջյան
«Հայաստանի դրածո իշխանությունները հրաշալի կատարում են հոգեբանական պատերազմի տրամաբանությունից թելադրված օպերացիաները: Ես հեռու եմ այն մտքից, որ այս իշխանություններն այնքան գրագիտություն, գիտելիք ունեն, որ իրենք են կազմակերպում, բայց քանի որ իրենք շատ լավ կատարողներ են՝ բարոյական որևէ սահման չունեցող, ինչ թելադրվի՝ կանեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով այս լարված իրավիճակում Փաշինյան ընտանիքի ակտիվությանը:
«Մի կողմից՝ մեզ շեղում են, մյուս կողմից՝ անում են այն, ինչ պետք է. չգիտենք՝ ում հետ ինչ է պայմանավորվել, վաղն ինչ կնվիրի թուրքին: Մյուս կողմից՝ սա ունի իր էմոցիոնալ ազդեցությունը. Քանի որ հայ հասարակության մեծ մասը հասկանում է՝ ինչի մեջ է հայտնվել, ուղղակի քաղաքացիների նվաստացում, արհամարհանք է: Երկրի ղեկավարն ու իր կինը, նաև մյուսները ժողովրդին ձեռք են առնում, ծաղրում են այն ժողովրդին, առաջին հերթին նրանց, ովքեր իրենց հավատացել են:
Սա մեր ամոթն է: Եթե քեզ ծաղրում, նվաստացնում են, դու վիրավորանքի ապրում կունենաս, իսկ վիրավորանք ապրելուց ծնվում է զայրույթ, բողոքի, փոխադարձ ագրեսիայի ապրումներ: Ուղղակի իրենք մտածված իրենց գործն արել են և հիմա զոհի բարդույթի մեջ ենք: Հոգեբանորեն զոհն այն է, որը հասկանում է՝ որտեղ է, ինչ է կատարվում, բայց մտածում է՝ ոչինչ անել չի կարող, իրենից ոչինչ կախված չէ: Նրանց գործողություններից մեր հավաքական ինքնագնահատականն իջնում է, մեր հավաքանականության մեջ մենք մեզ անզոր ենք զգում:
Այսինքն՝ մեկ-երկու անհասկանալի կերպարների ձեռքում է մեր երկրի լծակները, մեր զավակների կյանքն էլ է իրենց ձեռքին, մեր հայրենիքն էլ է իրենց ձեռքին, ինչ ուզում՝ տալիս են, և սա բերում է մեր հավաքական ինքնագնահատականի ցածրացման, որ՝ էս ինչ ժողովուրդ ենք, էս ինչ ազգ ենք, ով ենք մենք, էս ինչ օրն ենք ընկել: Ինչ-որ պահի ուզում ենք վեր կենալ, պայքարի ջիղն արթնանում է, բայց քանի որ ակնկալվող ամենակարևոր նպատակը՝ սրանց հեռացումը, տեղի չի ունեցել, իրենք ինչ-որ պահից նորից դուրս են պրծնում և ասում՝ մենք կանք ու ձեզ ձեռք ենք անում: Բայց գիտե՞ք՝ այդ զայրույթը երբ կուտակվում է՝ ինչ-որ պոռթկումներ է ունենում»,- ընդգծեց նա:
Հոգեբանի խոսքով՝ ժողովրդի մոտ կա ձեռքբերովի անօգնականություն. «Ժողովուրդը հասկանում է՝ ինչի մեջ է հայտնվել, բայց իրեն անօգնական է զգում. Սա ձեռքբերովի անօգնականություն է, որից կարելի է ձերբազատվել, որովհետև այնպես չէ, որ մեզնից ոչ մի բան կախված չէ: Մարդիկ հասկանում են, որ օր առաջ պետք է ձերբազատվել այս իշխանություններից: Տարածաշրջանը եռում է, ամեն վայրկյան կարող է պայթյուն լինել, իսկ մենք այնպիսի իշխանության ձեռքում ենք հայտնվել, ովքեր խեղկատակություններ ու սրիկայություններ են անում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում