
ԵԱՏՄ-ում պարզեցվել է մարզական միջոցառումների համար նախատեսված ապրանքների տեղափոխման կարգը

Եվրասիական տնտեսական միությունում պարզեցվել է միջազգային պաշտոնական մարզական միջոցառումների անցկացման համար նախատեսված ապրանքների տեղափոխման կարգը։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով հանրապետության առևտրի նախարարությանը:
Մարզական գույքը, սարքավորումները և այլ ապրանքները, որոնք նախատեսված են միջազգային պաշտոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, մուտք կգործեն հատուկ մաքսային ընթացակարգով: Դա վերաբերում է ինչպես օտարերկրյա ապրանքներին, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում արտադրված և երրորդ երկրներ արտահանվող ապրանքներին։
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումները կնվազեցնեն վարչարարական արգելքներն ու ապրանքների գրանցման, հսկողության ու սերտիֆիկացման առանձնահատկությունները:
«Օրինակ՝ թիմերի անդամների կողմից սեփական օգտագործման համար նախատեսված, կենդանական ծագման ապրանքների ներմուծման համար (գործարանային փաթեթավորմամբ, մակնշմամբ և 5 կիլոգրամից ոչ ավելի քաշով) թույլտվություն և անասնաբուժական սերտիֆիկատներ չեն պահանջվում», – պարզաբանել են Ղազախստանի առևտրի նախարարությունում:
Իսկ եթե ապրանքներն առգրավվում են մարզական միջոցառումների անցկացման երկրում, ապա հատուկ մաքսային ընթացակարգերը դադարեցվում են, և նման ապրանքների նկատմամբ հետագա գործողություններն իրականացվում են այդ երկրի օրենսդրության համաձայն։
Բացի այդ, ԵԱՏՄ որոշումը կոնկրետացնում է այն ապրանքները, որոնք ենթակա չեն պարզեցված ընթացակարգի։ Դրանք ենթաակցիզային ապրանքներ են, շինարարական և հարդարման նյութեր, ինչպես նաև ներմուծման թույլատրման կարգի ենթակա ապրանքներ։