Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին արձանագրությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ապրանքների էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները սահմանող արձանագրության վավերացման մասին օրենքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։ Հաղորդվում է, որ դրանով փոփոխություններ են կատարվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում։
Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից և ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։
Այն առանձնացնում է արտաքին էլեկտրոնային առևտրի միջոցով գնված ապրանքներն առանձին կատեգորիայի մեջ և որոշում այդպիսի առևտրի կարգավորման առանձնահատկությունները։ Միաժամանակ ներդրվում է նոր ինստիտուտ՝ էլեկտրոնային առևտրի օպերատոր, որը համատեղում է լոգիստիկ օպերատորի և մաքսային ներկայացուցչի գործառույթները։
Բացի այս, արձանագրությունը ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության իրավունք է տալիս սահմանել ավելացված արժեքի հարկ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար։ Այն նաև նախատեսում է անմիջականորեն ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծման համար անմաքս շեմ սահմանելու հնարավորություն։