Ճապոնական Nikkei-ը պատմական աճ է գրանցել ռեկորդային անկումից հետո
Տոկիոյի ֆոնդային բորսայի Nikkei հիմնական ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների տատանումը, օգոստոսի 6-ին գրանցել է պատմական աճ օգոստոսի 5-ին տեղի ունեցած խոշորագույն անկումից հետո: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։
Տեղական ժամանակով ժամը 09:50-ին Nikkei-ն ավելացրել է 10,12 % և հասել 34641,99 կետի նշագծին, ինչը դարձել է ռեկորդային միանվագ աճ Տոկիոյի բորսայի ամբողջ պատմության ընթացքում:
Ընդ որում, օգոստոսի 5-ին Nikkei-ի անկումը կազմել է 12,4%, ինչը նույնպես ամենամեծ միանվագ անկումն էր Տոկիոյի ֆոնդային բորսայի պատմության մեջ։ Տեղացի վերլուծաբանների կարծիքով, օգոստոսի 6-ի աճի հիմնական գործոնը պատմական անկումից հետո հակառակ ընթացքն է. ներդրողները շտապում են գնել նկատելիորեն էժանացած բաժնետոմսերը:
Այդ ֆոնին կտրուկ թուլացել է ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ, ինչը ձեռնտու է Ճապոնիայի խոշոր ընկերություններին, որոնք կողմնորոշված են դեպի արտաքին շուկաները։ Սակարկությունների բացումից ի վեր դոլարի փոխարժեքն իենի նկատմամբ ամրապնդվել է 1,33 %-ով՝ հասնելով 1 դոլարի դիմաց մինչև 145,39-145,41 իենի: