ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը. հայտնի է 2024թ. լավագույն տասնյակը

Հայաստանի արտաքին առևտուրը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է մոտ երկու անգամ՝ 9 մլրդ դոլարից հասնելով 18,4 մլրդ դոլարի։

Հայաստանի վիճակագրական կոմիտեն կիսամյակային տվյալների համաձայն՝ կրկին թռիչքաձև (2,6 անգամ) աճել է Ռուսաստանի հետ շրջանառությունը (այդ թվում՝ վերարտահանման հաշվին)` հասնելով 8 մլրդ 365 մլն դոլարի։ 7,5 անգամ աճել է Արաբական Էմիրությունների հետ շրջանառությունը (նույնպես վերարտահանման, այդ թվում ՝ ոսկերչական իրերի հաշվին)՝ հասնելով գրեթե 3,7 մլրդ դոլարի։

Ավելի քան 40 տոկոսով (մինչև 1,4 մլրդ դոլար) աճել է նաև Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ չինական ապրանքների մատակարարման և Հայաստանից լեռնահանքային հումքի (խտանյութերի) արտահանման հաշվին (պղնձի խտանյութը մնում է ՀՀ խոշորագույն արտահանվող ապրանքը)։ Արևմտյան երկրների հետ առևտրի ծավալները զգալիորեն նվազել են. ԱՄՆ-ի հետ՝ 40%-ով, Գերմանիայի հետ՝ 35%-ով, Իտալիայի դեպքում առևտրի ծավալը մնացել է մոտավորապես նախորդ տարվա մակարդակին։

Նկատենք, որ առևտրի անկում է նկատվում ոչ բոլոր արևմտյան երկրների հետ (եթե խոսքը վերաբերում է քիչ թե շատ խոշոր առևտրային գործընկերներին). Ֆրանսիայի հետ առևտուրը նվազել է 15%-ով, Նիդեռլանդների դեպքում՝ 60%-ով (այսինքն՝ ավելի քան կրկնակի)։ Աճել է առևտուրը Բելգիայի (ավելի քան 20%-ով) և Բուլղարիայի (գրեթե 15%-ով)։

Ճիշտ է` աճը հիմնականում տեղի է ունեցել լեռնահանքային հումքի արտահանման հաշվին, իսկ անկումը՝ ավելի արժեքավոր մետաղագործական ապրանքների (ֆերոմոլիբդենի և ալյումինե փայլաթիթեղի) արտահանման կրճատման հաշվին։ Հարևան Վրաստանի հետ առևտուրը մնացել է նույն մակարդակում, բայց զգալիորեն կրճատվել Է Իրանի և Իրաքի հետ (առաջին դեպքում ներմուծման կրճատման, երկրորդ դեպքում՝ արտահանման հաշվին, հիմնականում՝ ծխախոտի)։

Տասնյակում է հայտնվել նաև Բելառուսը՝ մի փոքր առաջ անցնելով Շվեյցարիայից և Նիդեռլանդներից։ Այս երկրի հետ առևտրի աճը նույնպես մասամբ պայմանավորված է ապրանքների վերավաճառքով։

Տեսանյութեր

Լրահոս