Եվրոպական և բրիտանական բորսայական ինդեքսները կտրուկ նվազում են Ասիայում շեշտակի անկման ֆոնին
Լոնդոնի ֆոնդային բորսայի ինդեքսը բացվել է 2,14 % անկմամբ գլոբալ կտրուկ անկման ֆոնին, որն օգոստոսի 5-ին սկսվել է Տոկիոյի ֆոնդային բորսայում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես վկայում են բորսայի կայքում ներկայացված տվյալները, FTSE 100-ը, որը հաշվարկելիս հիմք են վերցնում առավելագույն կապիտալիզացիա ունեցող 100 ընկերությունների բաժնետոմսերը, իջել է մինչև 7999 կետի մակարդակ։ Գնանշումները կտրուկ անկում են ցույց տալիս նաև Եվրոպայի հիմնական բորսաներում։ Դրանք նվազել են՝ հասնելով վեց ամիս առաջվա մակարդակ։ Այսպես, եվրոպական Stoxx Europe 600 ինդեքսը նվազում է 2,30 %-ով, ֆրանսիական Cac 40 բորսայի ինդեքսը՝ 1,60 %-ով, իսկ գերմանական Dax-ը՝ 2,1 %-ով։
Ավելի վաղ, ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի և դոլարի նկատմամբ իենի ամրապնդման՝ ներդրողների անհանգստության ֆոնին 12,4 %-ով կտրուկ իջել էր Տոկիոյի ֆոնդային բորսայի առանցքային Nikkei ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի արժեքների տատանումները: