Հայաստանում կսահմանվի գարեջրի ավելի խիստ մակնշում ԵԱՏՄ չափանիշներով
Հայաստանում Եվրասիական միության չափանիշներով գարեջրի շշերի համար Ժամանակակից, ավելի խիստ մակնշում կսահմանվի։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սահմանել է նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման միասնական մոտեցումներ։
Ապրանքների շրջանառության վերահսկման նպատակով իրականացվող մակնշումը Հայաստանում կիրառվում է 2013 թվականից․ այն չպետք է շփոթել ակցիզային դրոշմանիշի հետ, մակնշումը կիրառվում է ոչ միայն ենթաակցիզային ապրանքների վրա։ Նոր հսկիչ պիտակների տարբերությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հետևել ոչ միայն վաճառվող ապրանքի ընդհանուր ծավալին, այլև դրա յուրաքանչյուր միավորին (այս դեպքում՝ շիշ/տուփ):
Հայաստանում նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել նման վերահսկողությունը, իսկ առայժմ համակարգը կփորձարկվի փորձնական կարգով և կես տարի ժամկետով՝ գարեջրի (ալկոհոլային և ոչ ալկոհոլային) շրջանառության վրա։
Նոր տեսակի մակնշումը կսկսվի մոտ ժամանակներս, առավել ևս, որ դրա իրականացնողն արդեն ընտրված է (այն տեղական ընկերություն է՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն–Հայաստան»):