Մերձավոր Արևելյան տարածաշրջանի իրադարձությունները մշտապես փոխկապակցված են Հարավային Կովկասի հետ. Գոռ Գևորգյան

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը սպառնացել էր Իսրայելին, որ կներխուժի այդ երկրի տարածք։

The Jerusalem Post-ը գրել էր, որ Էրդողանը կուսակցական անդամների հետ հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը և Լիբիան, որտեղ գտնվում են թուրքական զորքերը, ասել է.

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»։

Այսօր առավոտյան էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարեց, որ Թեհրանում սպանվել է «Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Իրանական կողմը մանրամասներ չի հաղորդել այս սպանության վերաբերյալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է:

Կարդացեք նաև

Երեկ երեկոյան էլ Իսրայելը հարձակում էր կատարել Լիբանանի վրա՝ հարված հասցնելով Բեյրութի հարավային արվարձանին․ թիրախը «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից է, որը «պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար»։

««Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանը. մենք մտադիր չենք լայնամասշտաբ պատերազմ սկսել։- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը,- Եթե «Հեզբոլլահը» չարձագանքի, հակամարտությունն ավարտված է»:

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ, արաբագետ Գոռ Գևորգյանն անդրադառնալով տարածաշրջանում հնարավոր զարգացումներին և Հարավային Կովկասի վրա դրա հնարավոր ազդեցությանը, ասաց՝ այս ամենի հետևանքով պատերազմ սկսվել-չսկսվելը հարաբերական է, փաստացի կա ծայրահեղ լարված իրավիճակ և այդ իրավիճակը նոր չէ, որ առկա է, մասնավորապես, Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև եղած առնչություններում։

«Վերջին շրջանում հարվածները, որոնք ուղղված են մասնավորապես «Հեզբոլլահի» հրամկազմի չեզոքացմանը, այսպես ասած՝ կետային հարվածներ են իրականացվում Իսրայելի կողմից, ավելի հաճախակի են դարձել։ Պատճառն այն է, որ փաստացի  2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդեցին Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, «Հեզբոլլահը» հանդես եկավ մի շարք սուր հարցերով, որոնք մինչև օրս էլ շրջանառվում են։ Հայտարարվեց, որ անպայման կպատասխանի Իսրայելին և միայնակ չի թողնի Գազայի պաղեստինցիներին»,- նշեց Գոռ Գևորգյանը։

Նրա խոսքով՝  «Համաս» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը փոխկապակցված է Իսրայելի գործողությունների հետ այն իմաստով, որ Իսրայելն առաջին հերթին փորձում է  տարածաշրջանային պետություններին, ինչո՞ւ չէ, նաև միջազգային խաղացողներին ցույց տալ, որ իր պոտենցիալ թշնամիներին ու հակառակորդներին կարող է թիրախավորել ու չեզոքացնել անգամ օտար երկրի տարածքում։

«Այստեղ խորհրդանշական է այն, որ մենք գործ ունենք Արևելքի հետ, որտեղ ցանկացած թեյախմություն քաղաքական գործիչների միջև ունի խորհրդանշական բովանդակություն։ Չեմ խոսում այն մասին, որ այդ գործողությունները տեղի են ունենում Իրանի նախագահի երդմնակալության ժամանակ, որն իրականում չեզոքացման գործողություն է, խոսքը վերաբերում է ՀԱՄԱՍ-ի նկատմամբ իրականացրածին։ Սա պաշտոնական Թելավիվի կողմից ցուցիչ է, որ պատրաստ է ցանկացած տիպի զարգացման, այդ թվում՝ այդ ձևով»,- հավելեց Գոռ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է զարգացումների հնարավոր անդրադարձին Հարավային Կովկասի վրա, Գոռ Գևորգյանն ասաց, որ աշխարհաքաղաքական առումով Հարավային Կովկասը մշտապես եղել է Մերձավոր Արևելյան տարածաշրջանի բաղկացուցիչ մասը։

«Կախված նրանից, թե ինչ ծավալի ու բովանդակության ռազմաքաղաքական գործընթաց է, այն մշտապես բարակ կամ հաստ թելով փոխկապակցված է Հարավային Կովկասի հետ։

Մեկ կարևոր հանգամանք կա, որին պետք է ուշադրություն դարձնենք, դա 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ստեղծած նոր իրողություններն են, որի արդյունքում հավասարակշռությունը մեր տարածաշրջանում կամ նրա շուրջ ընթացող պայքարում խախտվել է։ Այս խախտման արդյունքում այն խաղացողները, որոնք ունեին երկրորդ համարի դերակատարություն, այսօր առաջին դերակատարներ են դարձել։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է, օրինակ, Թուրքիային։ Այս առումով Թուրքիան Էրդողանի վարած տարածաշրջանային քաղաքականության արդյունքում դարձել է մեծ հաշվով գլոբալ խաղացող։ Ցանկացած իրադարձություն, որը պայմանավորված է Թուրքիայի, այսպես ասած, հեգեմոնիկ կարգավիճակը պայմանավորող դերակատարության հետ, անմիջապես առնչվում է  նաև  Թուրքիայի շահերին։ Պատահական չէ, որ վերջին տարիներին Թուրքիան այստեղ ցուցաբերում է իրեն բնորոշ գերակտիվություն»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս