«Ալիևի համար շատ կարևոր է՝ կոնյունկտուրային ինչ-որ բան պոկի Հայաստանից, ավելի շատ, քան մինչև հիմա է ստացել». Ռուբեն Սաֆրաստյան

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ անգամ հանդիպեցին երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում։

Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվել են՝ տարածաշրջանային զարգացումներին համապատասխան՝ գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Հանդիպումից հետո Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում գրել էր. «Մենք անցկացրինք մեր բանակցությունների 5-րդ փուլը սահմանամերձ գոտում։ Կառուցողականորեն դիտարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և դրա հետ հետագա առաջխաղացման հնարավորությունները»։

Նույն հարթակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում եմ ունեցել հայ-թուրքական սահմանին»։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով նախ Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի բացման հնարավորություններից, ապա՝ երկու երկրների բանագնացների հանդիպումների արդյունավետությունից, նշեց՝ ըստ էության Մարգարայի անցակետը վերազինելուց ու պատրաստելուց հետո այն չի գործում, առաջընթաց չկա, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ որոշել է։

«Թուրքիայի որոշումն անձամբ հնչեցրել է նախագահ Էրդողանը, այն է, որ մինչև չստորագրվի Հայաստան-Ադևբեջան խաղաղության պայմանագիր, Թուրքիան իրական քայլեր չի ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով։ Այնպես որ, այդ մոտեցումը Թուրքիայի վերնախավի մոտեցումն է, և նրանք այն պահպանում են, չեն փոխում։ Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, քողարկող, փոքր քայլեր են՝ ցույց տալու, թե իբր Թուրքիան շահագրգռվածություն ունի շարունակելու բանակցային գործընթացը, դրանով ցույց տալու, որ ինչ-որ հարցեր քննարկվում են, գործընթացներ են տեղի ունենում։ Իրականում սա է տեղի  ունենում, ինչը հատուկ է Թուրքիայի դիվանագիտությանը։ Իրենք շատ կոշտ որոշումներ են ընդունում, բանակցություններ են վարում և օգտագործում են տարբեր հնարքներ, որպեսզի այդ կոշտությունը քողարկեն, ինչը և տեղի ունեցավ երեկ»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ սա արդեն այլ պատմություն է, և այստեղ էլ Ադրբեջանն իր խաղն է խաղում։

Թուրքագետի կարծիքով՝ այդ խաղի էությունը բխում է  Ալիևի աշխարհընկալումից։

«Ալիևի համար շատ կարևոր է՝ կոնյունկտուրային ինչ-որ բան պոկի Հայաստանից, ավելի շատ, քան մինչև հիմա է ստացել։ Դրա համար նա ամեն կերպ ձգձգում է  պայմանագրի ստորագրումը, հույս ունենալով կրկին ինչ-որ բան պոկել Հայաստանից։ Խաղում է Ալիևը, նա էլ այսպես մանր խաղ է խաղում»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացրած պահանջից, որն ըստ էության խաղաղության պայմանագիր ստորագրելու  նախապայման է, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Սահմանադրության փոփոխությունը երկար պատմություն է, որովհետև մինչև այժմ նոր Սահմանադրության նախագիծ չկա, պարզ չէ, թե ինչպես պետք է լինի։

«Այսինքն՝ Սահմանադրության փոփոխման գործընթացը դեռս չի սկսվել, դա երկար գործընթաց է, տարիներ կտևի։

Կարծում եմ, եթե Թուրքիան և Ադրբեջանն իսկապես շահագրգռված են պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, նրանք այդ հարցը կթողնեն ապագային։ Այստեղ Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումների որոշակի տարբերություն եմ տեսնում, Թուրքիայի համար կարևորն ամբողջ տարածաշրջանն է, որովհետև ավելի մեծ խաղացող է։

Իսկ տարածաշրջանային առումով նա ձգտում է, որպեսզի Խաղաղության պայմանագիը, որը պետք է ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև,  իրավական հիմնավորում հաղորդի այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո։

Իսկ նոր աշխարհաքաղաքական իրադրությունը, որը ստեղծվել է Հայաստանի պարտությունից հետո, դրա բնութագրական էությունն այն է, որ  Թուրքիայի դիրքերն ուժեղացել են, իսկ Ռուսաստանինը՝ թուլացել։ Դրա համար Թուրքիայի համար կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը, որքան հնարավոր է, շուտ ստորագրվի՝ իրավական հիմնավորում տալով նոր աշխարհաքաղաքական իրադրությանը։ Ադրբեջանը, ինչպես ասացի, ավելի փոքր խնդիրներ է լուծում՝ կոնկրետ Հայաստանից ինչ-որ բան պոկելու համար»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Տեսանյութեր

Լրահոս