
Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և 170 մետր գլորվել ձորը

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 170 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը, ում բեռենախցիկից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցվել է օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: