Լոնդոնում Փաշինյանի փախուստի պատճառն Ալիևին տրված խոստումն է. Սուրենյանց

Այսօր Լոնդոնում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը։

Օքսֆորդշիրում գտնվող Բլենհեյմ պալատ ժամանելու ճանապարհին Փաշինյանին ու Ալիևին լրագրողները հարցեր ուղղեցին՝ փորձելով մանրամասներ պարզել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններից։

Փաշինյանը չպատասխանեց այդ հարցին, իսկ Ալիևը վերև պարզեց բութ մատը, ինչից հետո համացանցում սկսեցին ակտիվորեն տարածվել այդ պահի լուսանկարները։

Րոպեներ անց ադրբեջանական մամուլում հայտնվեց Ադրբեջանի նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե հայկական կողմը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը։

Կարդացեք նաև

«Հանդիպման սկզբում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, իսկ հետո նախատեսվում էր շարունակել հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հայաստանի մերժումը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում»,- ադրբեջանական Report կայքի հետ զրույցում ասել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականի այս հայտարարությունից մեկ ժամ անց այն հերքեց Հայաստանի արտգործախարարությունը՝ տարածելով հակառակ բովանդակություն ունեցող հաղորդագրություն, որում ասված էր.

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման փաստին և կողմերի ներկայացրած հակասական մեկնաբանություններին՝ դա համարեց Փաշինյանի կողմից փախուստ, որովհետև, ըստ քաղաքագետի, Հայաստանը ներկայացնողը շատ լավ գիտակցում է, թե ինչ ծանր վիճակում է իր ղեկավարած երկիրը։

«Կարծում եմ, որ Փաշինանը շատ լավ գիտակցում է, թե երկիրն ինչ փուլում է, գիտակցում է, որ կանգնած է հնարավոր աղետի առջև։ Դրանով եմ պայմանավորում Փաշինյանի այսօրվա փախուստը։ Այս մարդը թակարդի մեջ է հայտնվել. Նրա միակ փրկությունը բանակցություններից հրաժարումն է՝ ժամանակ շահելու նպատակով։ Այս վիճակը հետևանք է նրա, որ Փաշինյանին առանց միջնորդի քարշ տվեցին բանակցությունների, ինչից հետո արդեն կանխատեսելի էր, թե ինչ է լինելու դրա վերջը. Ակնհայտ էր, որ Փաշինյանը կատարելու է Ալիևի պահանջները։ Ադրբեջանը պարտադրելու է Փաշինյանին նվաստացուցիչ պայմաններ, որոնք ընդունելու է առանց միջորդների բանակցող Փաշինյանը։ Հիմա Ալիևը Փաշինյանին ժամանակ չի տալիս. ասում է՝ «Զանգեզուրով միջանցքը» պետք է տաս»,- ասաց Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով՝ ազգովի պետք է Փաշինյանին պարտադրել բացահայտել, թե ի՞նչ պարտավորություններ է ստանձնել ԱՄՆ-ի և Ալիևի առաջ։

«Ալիևը Լոնդոն է գնացել Փաշինյանի ստանձնած խոստումների հետևից։ Փաշինյանը ստանձնել է պարտավորություններ, իսկ Ալիևը կարողանում է իր բոլոր պահանջների օրակարգը լեգիտիմացնել բոլոր միջազգային հարթակներում»,- ասաց Սուրենյանցը՝ շեշտելով՝ Հայաստանը ստեղծված իրավիճակում կարող է նվազագույն կորուստներով դուրս գալ, եթե բանակցային գործընթացը տեղափոխի տարածաշրջանային երկրների տեսադաշտ և Իրանի, Ռուսաստանի հետ միասին զսպի Թուրքիային և Ադրբեջանին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս