Փակ դռների հետևում հանձնել են Սյունիքը. ծանր զիջումը դրա մասին է. Բենիամին Մաթևոսյան

Վերջին երկու օրերին հայաստանյան քաղաքական դաշտն ակտիվորեն քննարկում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը, որ պաշտոնյան արել էր ճեպազրույցի ժամանակ։

«Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին անվտանգություն։ Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում»,- ասել էր Միլլերը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի այս հայտարարությունը քննարկելիս առաջարկեց այն դիտարկել հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար» ձևակերպմանը զուգահեռ՝ հասկանալու համար, թե ինչ ծանր փոխզիջում է պահանջում ԱՄՆ-ը Հայաստանից։

«Հայաստանի համար պատրաստում են նոր և ֆունդամենտալ կապիտուլյացիա, որը շատ ավելի ցավոտ է լինելու, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ինը։ Այն ժամանակ, իհարկե, մնաց Արցախից որոշակի հատված, Արցախում կային հայեր, Արցախի կարգավիճակի հարցը թողնվեց ապագային, կար Հայաստանն Արցախի Հանրապետությանը կապող Լաչինի միջանցքը. Դա, կրկնում եմ՝ 44 օրյա աղետալի պատերազմից հետո էր, որից հետո Փաշինյանը գնաց Պրահա, և Արցախն ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին։ Հիմա նույն բանն է տեղի ունենում՝ իջեցնում են Հայաստանի նշաձողն այնպես, որից հետո հայերին Հայաստանից սպառնալու է դեպորտացիա այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Արցախում։ Այս մարդը հանձնելով Արցախը՝ իջեցրել է Հայաստանի պետականության նշաձողը. Միլլերի առաջարկը հենց դա է»,- ասաց Մաթևոսյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Հայաստանից պահանջում է ոչ միայն Սյունիքով միջանցքը, ինչի մասին Հայաստանում ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Փաշինյանը, ՀՀ ԱԳՆ-ն, Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը. որևէ մեկը դեռևս չի արձագանքել հունիսի 12-ին էրդողանի «Զանգեզուրի միջանցքի» մասին ասածին, ինչը թույլ է տալիս հիմնավոր կասկած ունենալ առ այն, որ փակ դռների հետևում հանձնվել է Սյունիքով միջանցքը, հիմա պարզապես տարբերակներ են ման գալիս՝ լեգիտիմիզացնելու այդ հանձնումը»,- ասաց Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանին Արևմուտքն իշխանության է բերել Արցախը հանձնելու նպատակով, դրա համար հոկտեմբերի 30-ին պատերազմը չկանգնեցրեց, ապա նաև Սյունիքով միջանցքը բացելու ծրագիրը պետք է կյանքի կոչի։

«Սյունիքի մարզը մինչ այս պահը Հայաստանի վերահսկողության ներքո է Իրանի և ռուսական զորքի շնորհիվ։ Ֆունդամենտալ մեծ աղետ է լինելու, եթե ռուսական զորքը դուրս գա Սյունիքից՝ Հայաստանի իշխանության խնդրանքով, կամ ստեղծված այնպիսի պայմանների պատճառով, որի պարագայում ռուսական զորքը չի կարող մնալ Սյունիքում։ Ռուսական զորքը եթե դուրս եկավ Սյունիքից, այն մնալու է անպաշտպան»,- եզրափակեց քաղաքագետը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս