Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածի մի քանի շրջաններում մարտեր է մղել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գլխավորած զինյալների հետ, որի հետևանքով, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, զոհվել է առնվազն 50 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը Գազայում հարձակումներն ավելի է ինտենսիվացրել, որպեսզի խաթարի արաբական երկրների և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը՝ հասնելու հրադադարի։ Իսրայելը հայտարարել է, որ փորձում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին։
Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում ավիահարվածի հետևանքով զոհվել է 5 պաղեստինցի, Խան Յունիսում՝ 4 հոգուց բաղկացած ընտանիք։
Հուլիսի 16-ին ավելի ուշ առնվազն 17 պաղեստինցի զոհվել է, 26-ը՝ վիրավորվել ավտոմեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավիահարվածը տեղի է ունեցել վրանային ճամբարի մերձակայքում, որտեղ գտնվում էին տեղահանված ընտանիքներ։
Իսկ Նուսեյրաթի ճամբարի դպրոցներից մեկին հասցված ավիահարվածից 16 մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ՝ վիրավորվել։ ՄԱԿ-ի կողմից տնօրինվող դպրոցում գտնվում էին տեղահանված ընտանիքներ։
Գազայի այլ հատվածներում ևս իսրայելական գնդակոծությունների և ավիահարվածների հետևանքով կան զոհեր, հայտնել են անկլավի առողջապահական իշխանությունները։
ԻՊԲ-ն հայտնել է, որ հետախուզական տվյալների վրա հիմնված գործողություններ է իրականացնում, և որ ավիահարվածները թիրախավորել են զինյալներին, թունելները և ՀԱՄԱՍ-ի այլ ենթակառուցվածքներ։
ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակից «Իսլամական ջիհադ»-ը հայտնել են, որ իրենց զինյալները հակատանկային հրթիռներով և ականանետներով հարվածել են իսրայելական ուժերին մի քանի վայրերում։
Իսրայելը խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 38 700 պաղեստինցի։ Իսրայելը նաև հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 326 իսրայելցի զինվոր։