Եթե ՀՀ-ում առկա դատարկ տները տրամադրվեն արցախցիներին, ոլորտի բումը կկասեցվի. Մանասերյան
Եթե կառավարությունը ՀՀ-ում գերակշռող դատարկ բնակարանները մատչելի գներով տրամադրի արցախցիներին, ոլորտի բումը հնարավոր կլինի կասեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 17–ից սկսվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցելու դիմումների ընդունումը։
«Արցախցիների բնակարաններով ապահովության ծրագիրը բնակարանաշինության ոլորտում կարող է էլի որոշակի ակտիվություն բերել։ Այդ սպասումները վաղուց կան մեզ մոտ։ Չմոռանանք, որ ՀՀ–ում տների ու բնակարանների գերակշիռ մեծամասնությունը դատարկ է։ ՀՀ կառավարությունը շատ ճիշտ կանի, որ նման բնակարանները կամ տները, հատկապես գյուղական համայնքներում, մատչելի գներով հատկացնի արցախցիներին, որ բնակարանաշինության ոլորտի բումը կասեցնի»,– նկատեց տնտեսագետը։
Ըստ նրա` եթե ոլորտի այս գերտաքացումը շարունակվի, ապա դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Տնտեսագետի խոսքով` չպետք է մոռանալ, որ շինարարության ոլորտը լոկոմոտիվային է և առանձնահատուկ նշանակություն ունի։
Մանասերյանն այն համոզմանն է, որ խնդիրը կլուծվի, եթե ցուցաբերվի ավելի արհեստավարժ մոտեցում։ Միաժամանակ, այդ հարցում նա կասկածներ ունի, երբ դիտարկում է ՀՀ կառավարության այսօրվա կադրերին։
«Օրինակ` պետք է կենտրոնանալ ոչ միայն բնակարանաշինության, այլև արտադրական նշանակության շինարարության վրա։ Այստեղ շատ կարևոր է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը, որտեղ պետության որոշակի աջակցության շնորհիվ որոշակի արտոնություններ կլինեն»,– նշեց տնտեսագետը։
ՀՀ–ում բնակարանաշնության գերտաքացմանն են անդրադարձել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի փորձագետները, որոնք 2024 թ. համար ՀՀ–ում կանխատեսել են 6.3 տոկոսանոց տնտեսական աճ, որի մեջ կարևոր բաղադրիչ է հենց այդ ոլորտը։
«Այո, այս պահի դրությամբ սպառողական վարկերը, բնակարանաշինությունը որոշակի դերակատարություն ունեն տնտեսական աճի ապահովման տեսանկյունից, սակայն մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ անշարժ գույքի շուկան գերհագեցած է և գերտաքացած։ Չեմ բացառում, որ մինչև տարեվերջ, եթե այսպես շարունակվի, ոչ ադեկվատ պահանաջարկ-առաջարկի պայմաններում չեմ ուզում ասել պայթյուն, սակայն լուրջ խզում կարող է լինել, որը, ի վերջո, կարող է բերել առաջարկի և պահանաջարկի միջև համապատասխանության, ինչը վաղուց խախտված է»,- կանխատեսում է Մանասերյանը։
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի հիմքում այս տարվա համար 7 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսումն է դրված։
Նշենք նաև` Եվրասիական զարգացման բանկը (նախկինում դրա կառուցվածքում էր նաև ԿԶԵՀ-ը- խմբ.) կանխատեսել էր, որ Հայաստանում տնտեսական աճը 2024 թվականի արդյունքներով կարող է կազմել 7,5 տոկոս։