Թրամփը մտադիր է մեր տարածաշրջանը զիջել Թուրքիային. Ալիևը դրան է սպասում. Հայկ Խալաթյան

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։

Եռակողմ հանդիպման ավարտից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն տարածեցին հաղորդագրություններ, որոնցում ասված էր. «Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»։

Նշենք, որ այդ հանդիպումից առաջ այն կազմակերպող կողմը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, ելույթ էր ունեցել՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։

168.аm հետ զրույցում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն ԱՄՆ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, պայմանավորեց ընդամենը ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններով՝ ընդգծելով՝ շտապում են ինչ-որ թղթի ստորագրման հասնել՝ այդ ընտրություններին ընդառաջ՝ Բայդենի համար դա որպես հաղթաթուղթ ներկայացնելու նպատակով։

Կարդացեք նաև

«Թեժ քննարկումներ են ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մասնակից ուժերի միջև։ Եթե ամեն կերպ նույն Բայդենի թիմակից Դեմոկրատները հերքում էին լուրերը, թե նա չի կարող տարիքի և առողջության բերումով մասնակցել ընտրություններին, հիմա նույն Դեմոկրատները կողմ են, որ Բայդենին փոխարինեն այլ անձով, և ցանկանում են գոնե մի ձևական հաջողություն արձանագրել և ցույց տալ, թե Բայդենի վարչակազմը կարողացավ լուծել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Այստեղ խնդիրն այն է, որ Ալիևը չի ցանկանում ԱՄՆ նախագահի հետ որևէ զիջման գնալ, որովհետև, ամենայն հավանականությամբ, Բայդենին կարող է փոխարինել Թրամփը, որը շատ լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ և մտադիր է այս տարածաշրջանն ամբողջությամբ հանձել Թուրքիային»,- ասաց Խալաթյանը։

Նրա դիտարկմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ամբողջությամբ այդ համատեքստում է, իսկ հայկական կողմը, բոյկոտելով ռուսական բոլոր հարթակները, ցանկանում է ընդամենը ցույց տալ, թե Արևմուտքի հետ ցանկացած հրաման կկատարեն։

«Խնդիրը նրանում չէ, որ Հայաստանը որոշել է մասնակցել այդ համաժողովին, այլ նրանում, որ Ռուսաստանի մասնակցությամբ բոլոր հարթակները բոյկոտելու ֆոնին են դա անում, ինչը բացասական է ընկալվում ոչ միայն՝ Ռուսաստանի, այլ՝ նաև Իրանի կողմից, որտեղից գալիս են հայտարարություններ, որ իրենք դեմ են արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը։ Խնդիրն այն է, որ պետք է աշխատել բոլորի հետ. Օրինակ՝ նույն Շանհայի գագաթնաժողովում Հայաստանը ներկա չէր՝ տեսնելու, թե ինչ կարող է շահել, փոխարենը՝ ներկա էր Ադրբեջանը, որը հարաբերություներ է խորացնում Արևմուտքի, Չինաստանի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև շեշտեց, որ հայկական կողմը չեզոքացնում է դաշնակցին՝ չստանալով անվտանգության երաշխիք որևէ այլ տեղից, և շատ սխալ է վարվում, երբ, օրինակ, Ֆրանսիայից զենքի գնումը նույնականացնում է անվտանգային դիվերսիֆիկացիայի հետ։

«Լավ, Ռուսաստանը լավ դաշնակից չէ, լավ դաշնակից փնտրենք, բայց խնդիրն այն է, որ որևէ այլ երկիր չի ասում, որ Հայաստանին կօգնի։ Եթե հույսներդ դնում եք ԱՄՆ-ի վրա, ապա ինչո՞ւ ճանաչեցիք Պաղեստին պետությունը, ինչին դեմ է ԱՄՆ-ը. ստացվում է՝ մի կողմից՝ հարաբերությունները փչացնում են Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ փչացնում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, արդյունքում՝ ստացվում է, որ անում են քայլեր, որոնք խորհուրդ է տալիս Էրդողանը»,- խոսքը եզրափակեց քաղաքական մեկնաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս