ՀՀ ԱԱԾ-ում աշխատանքի տեղավորելու առաջարկն արցախցիներին լռեցնելու համար է, ինչքան քիչ բողոքեն ու մատնացույց անեն Արցախը հանձնողին, այնքան լավ. Մարտին Եսայան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ԱԱԾ-ում թափուր պաշտոն առաջանալու դեպքում այն համալրել 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված և Արցախի ԱԱԾ-ում աշխատած կադրերով։
Օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ԱԱԾ-ում պաշտոնի նշանակելիս հաշվի են առնելու Արցախում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը: Օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա:
Հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած նախագիծը քննարկվելու է վաղը՝ հունիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստում։
168.am-ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը, որ աշխատել է Արցախի ԱԱԾ հատուկ ստորաբաժանումում, ասաց՝ օրեր առաջ ընկերներից տեղեկացել է, որ ՀՀ ԱԱԾ-ն պատրաստվում է արցախցի ԱԱԾ-ականների ընդունել աշխատանքի։
«Իմ ընկերներից շատերին արդեն ԱԱԾ-ում աշխատանք են առաջարկել, նրանք հրաժարվել են, ես նույնպես չեմ ցանկանա աշխատել ՀՀ ԱԱԾ-ում, ավելին՝ ինձ համար շատ զարմանալի է, որ հանկարծ որոշեցին աշխատանքի տեղավորել արցախցիներին։
Շատ ընկերներիս իմ կարծիքը հայտնել եմ, որ այս իշխանությունների նպատակները կեղտոտ են, նրանք հանուն արցախցիների բարօրության համար չէ, որ որոշել են ԱԱԾ-ականներին աշխատանքի ընդունել։ Պարզ է, չէ՞, որ արցախցիներն ինչքան քիչ բողոքեն ու մատնացույց անեն Արցախը հանձնողին, այնքան լավ։ Սա արցախցիներին լռեցնելու համար է, ո՞ր մեկը կբողոքի, եթե իրեն աշխատանք ու փող տաս»,- նշեց Մարտին Եսայանը։
Նա հիշեցրեց վերջերս իշխանամերձ լրատվականներով տարածվող ռեպորտաժները, թե արցախահայերը 3-5 հազար դրամով են մասնակցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ տեղի ունեցող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Ուզում եմ հասկանալ՝ արցախահայերին սևացնող իշխանությունն ինչո՞ւ հանկարծ որոշեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարել ու աշխատանքի ընդունել արցախցիների։ Արցախցին ամեն ինչ է կորցրել, ամեն ինչ՝ հայրենիք, հող, բնօրրան, ու այս իշխանություններին թվում է, թե մի աշխատանքով կարող են արցախցիների հարցը լուծե՞լ։ Գուցե ինձ մեղադրեն, ասեն՝ բողոքում եմ, բայց խնդիրը այն է, որ եթե իշխանությունն այդքան շատ էր մտածում արցախահայերի մասին, պետք է այնպես աներ, որ արցախցին մնար իր հողում, այլ ոչ թե դարձնեին մեզ թափառական։
Արցախցին տարբեր ճանապարհներ, ուղիներ է փնտրում, որպեսզի հնարավորություններ ստեղծի ու վերադառնա իր բնօրրան»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա մեզ փոխանցեց, որ իր մտերիմ ընկերներից մեկը՝ որ պատերազմի ժամանակ տարբեր ուղղություններով հրամանատար է եղել, նույնպես ԱԱԾ-ում աշխատելու առաջարկ է ստացել և կրկին մերժել է՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեսել է պատերազմի ժամանակ ՀՀ գործող իշխանությունների գլխավորությամբ։
«Կրկնում եմ՝ ՀՀ իշխանությունն այս քայլով ցանկանում է այնպես անել, որ մեր այդ տղաներին հեռացնեն Արցախի համար պայքարելու ու Արցախ վերադառնալու գաղափարից։ Բայց չեմ կարծում, թե կհաջողվի, 100 հոգուց գուցե 3 հոգին ընդունի աշխատանքի առաջարկը»,- եզրափակեց Մարտին Եսայանը։