Հայաստանի անվտանգության հարցը զգայուն է Իրանի համար՝ անկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունից. Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան

Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներով նախագահ ընտրվեց թյուրքախոս իրանցի ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը։

Հայաստանում հարևան Իրանում տեղի ունեցած ընտրության արդյունքների վերաբերյալ ամենաշատը քննարկվող հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանի հարցում Իրանի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կլինի, և ինչպիսի՞ն կլինի ադրբեջանամետ հայտարարություններ արած Փեզեշքիանի դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների հարցերում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանի հետ 12 տարի աշխատած Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, խոսելով Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքական դիրքորոշման փոփոխության հավանականության մասին, նշեց՝ Իրանի արտաքին քաղաքականության ու անվտանգության վերաբերյալ հարցերը հաստատվում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։

«Կարծում եմ՝ իրանական կողմից կլինի այնպես, ինչպես մինչև հիմա եղել է։ Պարոն Փեզեշքիանին չի՛ կարող ցանկության պարագայում անգամ իրանական կողմի համար գործող կարմիր գծերը հատել։ Իրան-Հայաստան հարաբերությունները, չեմ կարծում, որ նրա համար կմղվեն երկրորդ պլան, վստահ եմ՝ չի լինի նաև արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի»,– ասաց Բեգլարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ քանի որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունն ավելի է ընդգծվել, ուստի հայկական կողմը հիմա պետք է Իրանի հետ ենթակառուցվածքների զարգացման հարցում շատ ակտիվ աշխատի. Ի դեպ, դրա համար ևս մեկ նախադրյալ է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սոբհանիի վերջին հայտարարությունն առ այն, որ իրանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ ամեն տեսակի համագործակցության։

«Իրանական կողմից երբ նման հայտարարություն է արվում, դրանով մեկ անգամ ևս հայկական կողմին կարևոր ազդակ է հղվում։ Սյունիքի վրա հիմնվելով՝ Իրանն ու Հայաստանը եթե հստակեցնեն իրենց շահերը, ակնհայտ են լինելու փոխկապակցված բազմաթիվ շահեր, իսկ հարաբերությունների զարգացման պարագայում անգամ կարիք չի լինի հղում անել 3+3 տարածաշրջանային զարգացման մոդելին։ Հայաստանի անվտանգության հարցը զգայուն է Իրանի համար՝ անկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունից»,- ասաց Բեգլարյանը։

Իրանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականություն ասվածը սոսկ հայ-իրանական սահմանագիծը չէ. Իրանի համար առաջնայինը Սյունիքի մարզն է։

«Կարծում եմ՝ Իրանը լուրջ դիմադրություն ցույց կտա՝ ընդհուպ ռազմական գործողությունների կդիմի։ Իրանի համար Սյունիքը կարմիր գիծ է, իսկ եթե Սյունիքով միջանցքը տալու որոշում լինի Հայաստանի իշխանության կողմից, ապա այս դեպքում պետք է հասկանալ, թե Իրանն ինչ գործիքներով կարող է ազդել այդ որոշման վրա»,- ասաց Բեգլարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս