Իմանալով՝ ով եմ, հարվածում էին. այս կառավարություն կոչեցյալի օրոք որտե՞ղ եք տեսել, որ «շունը շան թաթ կծի». Վիգեն Ազատյան

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ կիրառված լուսաձայնային նռնակներից տուժել էին բազմաթիվ քաղաքացիներ, մի քանի տասնյակ մարդիկ բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել։

Այդ օրը տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես են կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկում 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հորը՝ Վիգեն Ազատյանին։ Նրան տարել էին ոստիկանական բաժանմունք, որոշ ժամանակ պահել, այնուհետև բաց էին թողել։

168.amի հետ զրույցում Վիգեն Ազատյանն ասաց, որ միջադեպից գրեթե մեկ ամիս է անցել, սակայն որևէ մեկը՝ ուժ գործադրած ոստիկաններից, պատասխանատվության չի ենթարկվել։

«Որևէ տեղ ինքս ցուցմունք չեմ տվել, դրանից հետո ինձ որևէ մեկը չի զանգել, որևէ մեկը նույնիսկ ինձանից ներողություն չի խնդրել։ Մնացածը ժամանակը ցույց կտա, տականքները, իմանալով՝ ես ով եմ, հարվածում էին ինձ, դրա պատասխանը, բնականաբար, պետք է տան։ Թեպետ զարմանալու բան չկա, ավելի վատ նախադեպ է եղել, երբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրից» որդեկորույս մայրերի ոտքերից բռնած, քարշ տալով բերման էին ենթարկում։ Դրա համար ո՞վ պատասխան տվեց, նման կերպ վարվելն այս մարդկանց համար նորմալ բան է»,- նշեց Վիգեն Ազատյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ոստիկանները հերթական անգամ կատարել են իրենց «թուրք պապայի» հրամանները։

«Ինքս ակնկալիք չունեմ, որ այդ արարքի համար որևէ մեկը պատասխան կտա, քանի դեռ սրանք են իշխանության։ Այս կառավարություն կոչեցյալի օրոք որտե՞ղ եք տեսել, որ «շունը շան թաթ կծի»։ Ամեն ինչ ինքներդ էլ եք տեսնում, ամեն ինչ ձեր աչքի առաջ է, այս իշխանության օրոք օրենք չի գործում, օրենքը գործում է ու կա միայն իրենց շահի համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Վիգեն Ազատյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի «հեծանվային արշավներին»՝ կառավարական առանձնատներից՝ մինչև կառավարության շենք, շեշտելով.

«Մեղմ ասած, այդ մարդն ադեկվատ չէ, նրա հետևից գնացող մարդկանց էլ չգիտեմ՝ ինչպես անվանեմ։ Ախր խնդիրն այն չէ, որ նա չէ միայն ադեկվատ, նրանք շատ են։ Չգիտեմ, այդ մարդը հիվանդ է գուցե, այսինքն՝ ուղղորդվող հիվանդ է։ Իրեն ասում են՝ հանգիստ քայլդ արա, քո զոմբիները հետևիցդ կգան, երբ հեծանիվ քշես, երբ պաղպաղակ կբաժանես այն տարածքներում, որոնք պետք է հանձնես թշնամուն, այս մարդն էլ ուղղորդված անում է։ Հիմա մենք տեսնում ենք, որ սա գործող մեթոդ է, բյուջեից մի քանի միլիոն են վճարում ու ամեն ինչ անում։ Ընդ որում, այդ բյուջեն մեր հաշվին է լցվում, ստացվում է, որ մենք մեր աշխատանքի հաշվին ուտեցնում ենք նիկոլներին»,- շեշտեց նա։

Չնայած այս ամենին, Վիգեն Ազատյանը մեկ բանում համոզված է՝ Հայաստանը պետք է ազատվի օրվա իշխանություններից, և որևէ պայքարից չպետք է նահանջել։

«Ես պայքարելու եմ, որպեսզի սրանք չլինեն, ես իմ վերածնված որդուն դեռ պետք է մեծացնեմ, գնամ Եռաբլուր, որտեղ ամեն անգամ գնալուց վերածնվում եմ։ Այնպես որ՝ այս երկրից որևէ տեղ չեմ գնալու ու պայքարելու եմ։ Բայց այս օրվա իշխանությանը հեռացնելուց հետո էլ մեզ երկար տարիներ են պետք, որ այս ազգի իսկական դեմքը վերականգնենք»,- եզրափակեց Վիգեն Ազատյանը։

Տեսանյութեր

Լրահոս