ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ այս մասին ընդգծել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5–ին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության ընդունելության ընթացքում:
Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար:
«ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի ժողովրդավարական տեսլականին եւ զգալիորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ բարձր գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Քննարկումների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Ամերիկացի հյուրերին է ներկայացվել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: