Պաշտպանական քաղաքականությունը իրագործվեց տարբեր ուղղություններով` ներքին ու արտաքին, ինչպես նաև տարբեր ոլորտներում` ռազմական, տնտեսական, ֆինանսական, իրավական, գիտակրթական, հոգեբանական և այլն
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկրորդ շրջանը Ս. Սարգսյանի համար ևս դյուրին չէր: Ադրբեջան-Արցախ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի անշեղ կուրսը, այդ երկրի արագ տեմպերով ռազմականացումը և սպառազինությունների մրցավազքը, Ալիևյան կլանի ռազմատենչ հայտարարությունները, Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու չդադարող սպառնալիքները լուրջ մարտահրավերներ էին հայկական պետականությանը:
Արցախի, Հայաստանի Հանրապետության տնտեսական ու տրանսպորտային շրջափակումը, տարածաշրջանային ծրագրերին նրանց մասնակցությանը խոչընդոտելն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արդեն իսկ պատերազմական գործողություններ էին՝ նպատակաուղղված անմիջական ագրեսիայի համար հող նախապատրաստելուն: Թուրքիան Ադրբեջանին ծավալուն ռազմական ու դիվանագիտական օգնության բացահայտ ցուցաբերմամբ ՀՀ-ի դեմ այդ երկու կազմավորումների ագրեսիվ տանդեմի ձևավորման եզրափակիչ փուլն էր թևակոխում: Այդ ամենը ՀՀ զինված ուժերից պահանջում էր մարտական բարձր պատրաստականություն, մարտունակություն ու զգոնություն:
Հայաստանի Հանրապետության համար պաշտպանական ոլորտում անվտանգության ապահովման գլխավոր միջոցը համակարգված պաշտպանական քաղաքականությունն էր, որի մշակումը և իրագործումը կատարեց պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը` երկրի նախագահի` Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ:
Պաշտպանական քաղաքականությունը իրագործվեց տարբեր ուղղություններով` ներքին ու արտաքին, ինչպես նաև տարբեր ոլորտներում` ռազմական, տնտեսական, ֆինանսական, իրավական, գիտակրթական, հոգեբանական և այլն:
Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից