Բաժիններ՝

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կիրականացնի «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման դասընթացներ ծրագիրը:

Վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային և համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ:

Ծրագրի առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 24-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Եռօրյա դասընթացները կվարեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Ամերիկյան համալսարանի «Փափազյան», Ավ. Իսահակյանի անվան քաղաքային, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանների փորձառու գրադարանավարներն ու ոլորտի մասնագետները:

Ըստ աղբյուրի՝ ծրագիրը միտված է շարունակական կրթության ապահովմանը, գրադարանային գործի արդյունավետ կազմակերպմանը, գրադարանային ոլորտի աշխատողների մասնագիտական աճի նպաստմանը: Գրադարանավարները կտեղեկանան գրադարանային գործի արդի միտումներին, ձեռք կբերեն նոր կարողություններ և հմտություններ:

Դասընթացները կնպաստեն նաև գործընկերային փոխհարաբերությունների և գրադարանների միջև համագործակցության ակտիվացմանը:

Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները կստանան հավաստագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս