Երևանում հնդիկ տղամարդու են խոշտանգել
Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի փողոցի տներից մեկում երկու օր առաջ դաժան ծեծի են ենթարկել օտարերկրացի մի քաղաքացու, որին նաև խոշտանգել են։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Էրեբունու ոստիկանները պարզել են, որ խոշտանգված անձը «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել, որտեղից էլ «պոլիտրավա» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց։
Ոստիկաները պարզել են, որ նա Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Կալդիպ Կումար Կաշմիր Լալն է: Նա հունիսի 24-ից վարձակալական հիմունքներով բնակվում է Նար-Դոսի փողոցի տներից մեկում, որտեղ հունիսի 25-ին ժամը 00։05-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ տեսանկարահանել և տեսանյութն ուղարկել նրա հարազատներին` պահանջելով 1 լակ ռուփի (մոտ 2,000 դոլար)` սպառնալով, գումարը չուղարկելու դեպքում, սպանել:
Բացի այդ, նրանք խոշտանգվածի տաբատի գրպանից հափշտակել են 500 դոլար և նրան փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին, հարազատներից մեկի խնդրանքով, տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին, եկել և տեղափոխել են այլ վայր:
Ոստիկանները պարզել են, որ վերը նշված Տինկան 36-ամյա Հարջինդեր Սինգ Անգրագ Բռառն է, իսկ Մանին` 30-ամյա Մանիշ Ռադհեյ Շյամ Կումարը:Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։