Բաժիններ՝

Պետք է ուշադիր լինենք, թե ինչ բառեր ենք օգտագործում, քանի որ հաշիվ ենք տալու

«Ներգործի՛ր խոսքով Քո ամենազոր, որով առաջին օրը Դու լույսն ստեղծեցիր, և ես անմիջապես դեպի լա՜վը պիտի փոխվեմ..» (Գրիգոր Նարեկացի):

Ի՞նչ նպատակով է այսօր օգտագործվում մեր խոսքը, որքա՞ն հաճախ՝ օգնելու, ստեղծելու, թե՞ ավելի շատ վիրավորելու, ցավեցնելու, ոչնչացնելու: Ամեն օր սոցիալական ցանցերում գրվում են հազարավոր մեկնաբանություններ, վիրավորանքներ, ծաղրանք, ատելության խոսք, հայհոյանքներ, մեղադրանքներ:

Մարդիկ անտեղի այնքան խոսքեր են օգտագործում, մինչդեռ պետք է ուշադրություն դարձնեն յուրաքանչյուր բառին, նշում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը: Հիշեցնում է՝ խոսքին մեծ կարևորություն է տրվում Աստվածաշնչում: Աշխարհն արարվեց խոսքով, Աստված ասաց. «Թող լույս լինի։ Եվ լույս եղավ» (Ծննդոց 1:3):

Հոգևորականը նշում է` պիտի զգոն լինենք, թե ինչ բառեր ենք օգտագործում, քանի որ ի վերջո հաշիվ ենք տալու: Ըստ Աստվածաշնչի` դատաստանի պիտի ենթարկվենք, եթե անտեղի վիրավորենք մեր եղբորը:

Կարդացեք նաև

«Նշվում է. «Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»: Խոսքը մարդուն կարող է տանել կործանման կամ արդարացման: Պետք է ուշադրություն դարձնենք, թե մեր արտաբերած յուրաքանչյուր բառ ինչպես կանդրադառնա մեզ վրա հետագայում, եթե անգամ կարծում ենք, որ ճիշտ ենք: Պետք է պատրաստ լինենք պատասխանատվություն կրելու, պատասխան տալու մեր արտահայտած ամեն բառի համար»,- նշում է հոգևորականը:

Աստվածաշնչում նշվում է. «Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է» (Եփեսացիներին 4:29): Սաղմոսներում կարդում ենք. «Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապարհները, Որպեսզի չմեղանչեմ լեզվով» (Սաղմոս 38:2):

Խոսքն է մեզ դարձնում մարդ: Դրա միջոցով գաղտնին դառնում է բացահայտ, արտահայտվում են մեր մտքերը, ցանկությունները, հոգեվիճակը: Այդ ամենն ի վերջո ներկայացնում է մեր պատկերը: Տեր Բարդուղիմեոսը նշում է՝ հաճախ կարծիք արտահայտելը մարդիկ շփոթում են ամենաթողության հետ` մտածելով, թե ինչ ցանկանան, ինչպես ցանկանան կարող են ասել: Ստեղծվում է իրավիճակ, երբ կորում է խոսքի արժեքը:

«Ավետարանում ասվում է. «Մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանից ներս է մտնում, այլ այն, ինչ ելնում է բերանից» (Մատթեոս15:11): Ինչ-որ մեր մեջից կարող է դուրս գալ, դրա համար պետք է պատասխան տանք: Երբ մարդ զղջում է, այդ զղջումն էլ արտահայտվում է խոսքի միջոցով»,- նշում է քահանան:

«Զղջման» աղոթքի մեջ կարդում ենք նաև լեզվի հիվանդությունների մասին` շատախոսություն, ստախոսություն, հայհոյանք, սուտ երդում, ծաղր: Դրանք վնասում են ոչ միայն դիմացինին, այլև հենց մեզ: Քահանան հավելում է՝ շատախոսությունը վերածվում է բամբասանքի, դառնում վիրավորանք, ինչն էլ մարդուն գցում է մեղքի մեջ:

Անի Ավագյան

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս