Հերքում եմ, շաքարային դիաբետ ունեցող պացիենտների դեղերը տրվում են անվճար՝ անկախ սոցիալական կարգավիճակից. ԱՆ մամլո խոսնակ

Այսօր «Իրավունքը» գրել էր, որ քաղաքացիներից ահազանգ է ստանում առ այն, որ այս ամիս պոլիկլինիկաներում հաշմանդամության տարբեր խմբերի պատկանող հիվանդներին տրվող անվճար դեղորայքի ցանկից հանել են շաքարային դիաբետով հիվանդներին տրվող դեղորայքը:

Առողջապահության նախարարությունից, սակայն, տեղեկությունը հերքեցին:

«Կառավարության 642 Ն որոշման համաձայն շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցող պացիենտների դեղերը տրվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, այսինքն` անվճար։ Եվ դա անկախ սոցիալական կարգավիճակից։ Խոսքը 122 հազար շահառուների մասին է»,- ասաց առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Վերջինս հավելեց՝ խոսքն ինսուլինների, ինսուլինային անալոգների, հակադիաբետիկ հաբերի, հակակոմատոզ դեղերի մասին է:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հակադիաբետիկ պրեպարատների հետ կապված ևս մեկ աղմուկ բարձրացավ: Իրավապաշտպան Անուշ Պողոսյանը տեղեկացրել էր, որ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ ունեցող մեծահասակներին 2023թ. սեպտեմբերից սկսած նոր՝ անհայտ ծագման, ինսուլին են տրամադրում։

««Առողջության իրավունք» ԻՀԿ են դիմել բազմաթիվ պացիենտներ, որոնք ահազանգում են, որ Ինսուլոտարդի փոխարեն՝ իրենց տրամադրում են մի ինսուլին, որի էֆեկտիվությունը շատ ցածր է, հաճախ անգամ կրկնակի դոզաների ստացման դեպքում արյան մեջ շաքարի քանակը չի կարգավորվում։ Պարզվում է, ՀՀ առողջապահության նախարարությունը դանիական առաջատար Novo Nordisk-ի միջին ազդեցության ինսուլինը փոխարինել է լեհական Bioton-ի Գենսուլինով, որը երկարատև փորձաշրջան չի անցել և սերտիֆիկացված չէ միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից։ Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են։ Օրինակ, Թաիլանդի առողջապահության նախարարությունը վերջերս որոշել է հրաժարվել այս դեղամիջոցից, քանի որ ուսումասիրության 33-րդ ամսում սահմանված չափանիշներից շեղումներ են արձանագրվել, արդյունքում՝ Գենսուլինի որակը գնահատվել է՝ որպես ոչ բավարար»,- գրել էր նա։

Վերջինս նաև հավելել էր, որ «ի պատասխան բազմաթիվ հիվանդների բարձրացրած բողոքների՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը պացիենտներին վստահեցրել է, որ անհանգստանալու պատճառներ չկան, հորդորել է հավատալ ոչ թե գլյուկոմետրի տվյալներին, այլ իրենց։ Փաստել են, որ նոր դեղը համապատասխանում է չափանիշներին, ունի նույն բաղադրությունը, լաբորատոր կրկնակի փորձաքննության է ենթարկվել նույնիսկ Հայաստանում»։

Առողջապահության նախարարի մամլո խոսնակը, ի պատասխան մեր հարցին՝ շարունակվո՞ւմ են արդյոք բողոքները նշված դեղորայքի վերաբերյալ, պատասխանեց՝ ոչ, որևէ բողոք կամ զանգ չունենք այդ թեմայով:

Տեսանյութեր

Լրահոս