Կապիկություն է, փորձ՝ ցույց տալու, որ ինչ-որ բան են անում. Ադրբեջանը որևէ մեխանիզմ չի ներդնելու. Կարեն Վրթանեսյան

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը շաբաթ օրը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե ՀՀ ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկության տարածումը:

Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է` թույլ չտալ լարվածության առաջացում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Այս պահին որքանո՞վ է իրատեսական, որ Ադրբեջանը կընդունի ՀՀ իշխանության այս առաջարկը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հարցին կարճ պատասխան տվեց՝ Ադրբեջանը երբեք այդ առաջարկը չի ընդունի։

«Իրականում այդ մեխանիզմները ներդնելու տակ Ադրբեջանը ստորագրել է 2017 թվականին։ Այնուհետև, ՀՀ օրվա իշխանությունը երբ հայտնվեց կառավարման ղեկին, այդ գործընթացն, ըստ էության, տորպեդահարեցին։ Հիմա նորից այդ թեման բարձրացնում են՝ լավ հասկանալով, որ Ադրբեջանը չի համաձայնելու, ու որևէ մեխանիզմ չեն ներդնելու։ Ըստ էության սա փորձ է՝ ցույց տալու, որ ինչ-որ բան են անում՝ կապիկություն է, եթե կարճ ասենք»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Դիտարկմանը՝ նման առաջարկ հայկական կողմն արել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, Կարեն Վրթանեսյանը պարզաբանեց.

«2016 թվականին հայկական կողմ կար, իսկ այս նիկոլական վարչակազմը, ռեժիմը ես չեմ դիտարկում՝ որպես հայկական կողմ։ Այն ժամանակ հայկական կողմը պարտադրել էր, որ Ալիևը տա իր համաձայնությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից հետո այդ թեման «բարեհաջող» տորպեդահարեցին, փակեցին։ Կրկնում եմ՝ այն, ինչ հիմա անում են՝ կապիկություն է, շատ լավ գիտեն, որ Ադրբեջանին չեն կարող այդ ամենը պարտադրել»։

Տեսանյութեր

Լրահոս