
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Աստանայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին։ Նիստը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի խոսքերին։
«Մեր հաջորդ հանդիպումն առաջարկվում է անցկացնել Աստանայում այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախորդ օրը»,- հայտնել է ղազախ պաշտոնյան։
Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունիսի 21-ին կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նիստին չի մասնակցել։ Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին, վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Հունիսի 21-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանից դիմում չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ։