Բաժիններ՝

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար կդառնա Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն այն բանից հետո, երբ նրա միակ մրցակիցը դուրս է եկել մրցապայքարից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Հունիսի 20-ին Ռյուտեի թեկնածությունը, վերջապես, հաստատել են դաշինքի բոլոր 32 անդամները, թեև պաշտոնական հաստատումը կստացվի միայն ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում, որը կկայանա հուլիսին Վաշինգտոնում:

Ռյուտեի թեկնածությունն ի սկզբանե պաշտպանել էին դաշինքի բոլոր անդամները, բացի Հունգարիայից, Ռումինիայից և Թուրքիայից։

Որոշ վերապահումներից հետո Թուրքիան հայտնել էր, որ կպաշտպանի Ռյուտեի թեկնածությունը, երբ վերջինս մեկնել էր այնտեղ ապրիլին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման։

Հունգարիան հայտնել էր, որ կպաշտպանի նրա թեկնածությունը այն բանից հետո, երբ վարչապետ Վիկտոր Օրբանին երաշխիքներ տվեցին, որ Բուդապեշտը պարտավորված չի լինի ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա։

Իսկ Ռյուտեի միակ մրցակիցը՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, հունիսի 20-ին հայտարարեց իր թեկնածությունը հանելու և Ռյուտեի թեկնածությունը պաշտպանելու մասին։

Ռյուտեն կփոխարինի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 1-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս