Շուռնուխցինե՛ր, 30 տարի դուք թո՞ւրք եք տեսել, Գորիս-Կապան ճանապարհի՞ց եք զրկված եղել. Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ երկրում ինչ ծայրաստիճան ողբերգություն տեղի է ունեցել՝ իշխանությունը մեղքը բարդել է բոլորի վրա, բացի իրենցից։

«Կարծես այս երկրի իշխանավորներն իրենք չեն, բա ո՞վ են իրենք, մեր ժողովուրդն ո՞ւմ է  իր կյանքը վստահել, մարդկանց խաբել, քվեները գողացել են։ Իրենք ասում են՝ լեգիտիմ, լեգիտիմ, բայց լեգիտիմ լինել՝ նշանակում է ծրագիր ասել և այդ ծրագիրն իրականացնել։ Բնականաբար, այդ ծրագրից որոշակի շեղումներ ու թերացումներ պետք է լինեն, բայց ծրագիրն ամբողջովին չանել ու մարդկանց խաբել, որպեսզի կարողանան քվե գողանալ, այնքան որ, խեղճի նման գնա ու մարդկանց ասի՝ խոնարհվում եմ, սիրում եմ ու չգիտեմ ինչ եմ անում ձեզ։

Շուռնուխի բնակիչը նստած՝ ասում է՝ 30 տարի մենք վար ու ցանք չենք արել։ Բա 30 տարի դիմացդ ի՞նչ է եղել, դու 30 տարի թո՞ւրք ես տեսել, 30 տարի քո սահմանը Հորադիզում էր, ինչ հողեր էիր մշակում դիմացդ։ Շուռնուխը կիսվա՞ծ էր, Գորիս-Կապան ճանապարհից զրկվա՞ծ էիր, Ճակատենը շրջափակվա՞ծ էր, Կապանի օդանավակայանի գլխին նստած թշնամի կա՞ր»,- ընդգծելով՝ հարց ուղղեց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ իշխանությունն ամբողջ պետությունը դարձրել է սահման, ընդ որում, իշխանությունները սկզբում ասում էին՝ մեր երկրի սահմանները 29.800 քկմ է, հետո նվազեցրեցին՝ դարձնելով 29.743 քկմ։

Կարդացեք նաև

«Սոթքում մարդիկ ասում են, որ չեն կարողանում անասուն պահել, վար ու ցանք անել, քանի որ թշնամին դիրքեր է գրավել, հարակից տարածքները։ Վաղն էլ կարող է որոշեն առաջ գան, ասեն՝ դե, այս տարածքները չեք օգտագործում, մի քիչ էլ իջնենք ներքև, կարծում եք, իշխանությունը կասի՝ ո՞չ»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս