«Ընկերությունը մեկ անգամ Երևանի քաղաքապետարանին «գցել» է՝ հետաձգումը նաև կապված է այսօր փողոցային պայքարի հետ». Մեսրոպ Մանուկյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի նիստին փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ նոր ավտոբուսների խմբաքանակի ժամանումը նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։ Ինչից հետո Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ: Հետևաբար՝ նա հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ-երկու ամսով։
Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրումն ամբողջությամբ նախատեսված էր այս տարվա սեպտեմբերին, որոշման նախագիծը Երևանի ավագանին ընդունել էր մարտ ամսին։
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանն անդրադառնալով միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկարաձգելուն, պարզաբանեց՝ այն պատճառաբանությունը, որը քաղաքային իշխանությունը դրել էր տոմսային համակարգի ներդրման հիմքում, հիմնավորված չէ։
«Կարծում եմ, այստեղ քաղաքական կոնտեքստ կա, քանի որ մարդիկ բուռն կերպով հայտարարում են, որ պատրաստ չեն սեպտեմբերից բարձր գնով տրանսպորտի համար վճարել, և այդ պատճառաբանությունը հիմնավոր է։ Գնագոյացումը, որպես այդպիսին, չի ներկայացվում ու հիմնավոր չէ իմ գնահատմամբ։ Ինքս պարբերաբար դիմում եմ ու ասում եմ՝ ներկայացրեք հասույթը, որպեսզի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի աուդիտի տվյալներն ինձ տան, ու ես կհիմնավորեմ, թե ստվերը որքան շատ է, որի դեմ չեն կարողանում պայքարել։
Կրկնում եմ՝ պատճառաբանությունները, որոնք բերում են, հիմնավոր չեն, որովհետև այսքան ժամանակ իրենք չկարողացան հրապարակել, թե որքան է ստվերը, չկարողացան հիմնավորել, թե գնագոյացումն ինչպես է ձևավորվում իրենց մոտ։ Իսկ ընկերությունը, որը հանձն է առել ներդնել միասնական տոմսային համակարգը, մեկ անգամ արդեն Երևանի քաղաքապետարանին «գցել» է ու իր պարտավորությունները չի կատարել։ Այդ հետաձգումը միանշանակ նաև կապված է այսօր փողոցային պայքարի հետ»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ դեռևս նախագիծն ընդունելու ժամանակ հրավիրված նիստին կեսգիշերն անց ուղիղ եթերում ասել է, որ ժողովուրդը պետք է ընդզվի, դուրս գա փողոց և իր դժգոհությունն արտահայտի։ Միայն այդ դեպքում իշխանությունները հետքայլ կանեն։
«Քաղաքային իշխանությունն ասում է, որ Երևանում օրական երթևեկում է 550 հազար քաղաքացի՝ վերգետնյա տրանսպորտով։ Եթե մենք այս թիվը բազմապատկում ենք 100 դրամով, օրական 55 մլն գումար է ստացվում։ Երբ ես մեկ առ մեկ մոտենում էի ավտոբուսների վարորդներին, հետաքրքրվում էի՝ որտեղ է գնում գումարը, նրանք ասում էին՝ պլան կա, պլանն ենք կատարում»,- շեշտեց նա։
Ըստ մեր զրուցակցի, տվյալ պարագայում քաղաքային իշխանությունն «ազնիվ» է քաղաքացիների հետ, հստակ հայտարարում է, որ հանրային տրանսպորտի երթևեկության արժեքը բարձրացնելու է և վերջ՝ հստակ ասում է՝ ստվերը չի կարողանում կրճատել ու չի կարողանում հաշվարկել։
«Այս ամենից հետո հաջորդ քայլն արդեն ժողովրդինն է, իսկ ես էլ, որպես ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամ, պատրաստ եմ գալ ու կանգնել ինձ ընտրողների ու չընտրողների կողքին։ Ես միշտ ասել եմ՝ հանրային տրանսպորտի թանկացումը հիմնավորված չէ, ու ես պատրաստ եմ դա ապացուցել»,- եզրափակեց Մեսրոպ Մանուկյանը։