Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը
Նիկոլ Փաշինյանը որոշել է որքան հնարավոր է շատ սոցիալական երաշխիքներ տալ իր ենթակայության տակ գործող Պետական պահպանության ծառայության ծառայողներին. այն մարդկանց, որոնք զբաղված են իր և իր իշխանության անվտանգության ապահովմամբ։
Փաշինյանը, որ տեղից տեղ է տեղափոխվում ոստիկանական հսկայական ուժերի պաշտպանության ներքո, հիմա էլ որոշել է, որ Պետական պահպանության ծառայությանը բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ, արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր ստանալուց զատ, ծառայողների համար ապահովել արտասահմանում բուժում ստանալու և բուժման ընթացքում այնտեղ ապրելու հնարավորություն, և այս բոլորը՝ ՀՀ հարկատուների հաշվին։
Նշենք, որ երբ Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ էր, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՊՊԾ-ում ծառայողները համարվում էին ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության և Պետական պահպանության մարմինների համակարգերում ծառայության մեջ գտնվող անձինք, ասել է թե՝ Պետական պահպանության ծառայությունում աշխատողները դասվում էին այլ զորքերի շարքին և Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պարագայում պարտավոր էին որպես զինվոր կանգնել ՀՀ սահմանին և պաշտպանել Հայաստանը՝ թշնամուց։
Հիմա Փաշինյանը Պետական պահպանության ծառայողներին երկրի սահմանները պաշտպանելու պարտավորությունից ազատել է, բայց ցանկանում է, որ նրանք ունենան այն նույն սոցիալական երաշխիքները, որոնք ունեն թշնամու դեմ կռիվ տվողները։
Այսպիսով նույնականացնում են ՀՀ պետական սահմանը պահող ՀՀ ԱԱԾ, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների ու Պետական սահմանի հետ որևէ կապ չունեցող ՊՊԾ ծառայողների ծառայությունն այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԱԾ համակարգերի և ՊՊԾ համակարգի զինծառայողների ծառայության բնույթները համադրելի չեն։
Եվ, չնայած այս էական տարբերությանը, Փաշինյանին առընթեր Պետական պահպանության ծառայության ծառայողներին բյուջեի հաշվին հերթական արտոնությունը տրվել է. նրանք կարող են արտասահմանում բուժում ստանալ՝ ՀՀ հարկատուների վճարած հարկերի հաշվին։
Ընդգծենք, որ Ֆինանսների նախարարությունն այս նախագծի վերաբերյալ առարկություն է ներկայացրել և շեշտել՝ դրա ընդունումը հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեից չնախատեսված լրացուցիչ հատկացումների։
Ֆիննախից նաև ընդգծել են՝ որևէ կերպ գնահատված չէ այն գումարի չափը, որը պետք է հատկացվի բյուջեից, և այն հնարավոր չէ համադրել առկա հարկաբյուջետային շրջանակների ու հնարավորությունների հետ, որի արդյունքում կարող են ձևավորվել ՀՀ պետական բյուջեի համար զգալի ռիսկեր:
Թեև Ֆինանսների նախարարությունը նախագծի ընդունումը համարել է ոչ նպատակահարմար, այդուամենայնիվ նախագիծն ընդունվել է։