Ռուսաստանն այսօր ունի Թուրքիայի կարիքը, սակայն բոլոր հիմնական զիջումները Նիկոլը արել է Արևմտյան հարթակներում. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Ասյա Համբարձումյանը նրան հարցրել է.

«Ուզում եմ հասկանալ, եթե Ռուսաստանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա Թուրքիային մեր տարածաշրջանից դուրս բերելու, այդ դեպքում Հայաստանին ի՞նչ է մնում անել, բացի նրանից, որ սահմանը բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և նրանց պայմաններով խաղաղություն կնքել։ Ստացվում է, որ ՌԴ-ն ձեռքերը լվացել է, ասում է` դուք ձեր գլխի ճարը տեսեք»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Ձեր նկարագրված սխեման նիկոլական քարոզչության ֆունդամետն է, որի տակ իր ցինիկ անկեղծությամբ ռումբ դրեց հենց Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ 2018-ից փաստացի վարում էր Արցախից հրաժարվելու, տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը ուժեղացնելու և ՌԴ-ին դուրս մղելու քաղաքականություն։

Ռուսաստանն այսօր ունի Թուրքիայի կարիքը, սակայն բոլոր հիմնական զիջումները Նիկոլը արել է Արևմտյան հարթակներում՝ Պրահայի հայտարարությունից սկսած։ Այո, Արցախյան հակամարտության մեջ Մոսկվան ունի իր շահերը, սակայն անգամ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը չի ձեռնարկել որևէ գործընթաց, որ կբերեր Արցախի վերացմանը, հայաթափմանը կամ այդ խնդրի վերացմանը Փաշինյանի արտաքին քաղաքական օրակարգից։ Օրինակ, նրանք երբեք չեն խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, թեպետ Արևմուտքի հետ խզվում են գրեթե բոլոր միջազգային մեխանիզմները և ինստիտուտները։

Ուրիշ բան, որ Մոսկվան գործուն քայլեր չի ձեռնարկել կանխելու Հայաստանի գործող իշխանություններին։ Ակնհայտ է, որ Նիկոլի վարչապետ լինելը, ըստ Մոսկվայի, ազատում է ՌԴ-ին հայերի հանդեպ բարոյական պատասխանատվությունից և ճանապարհ է բացում պրոթուրքական լոբբինգի համար իշխանական կուլուարներում։

Հնարավոր էր լինել արևմտամետ, բայց չլվանալ ձեռքերը Արցախից։ Սակայն Նիկոլը գնաց այլ ճանապարհով` գլխացավի դեպքում որոշելով կտրել գլուխը։ Նշված պայմաններում կնքված ցանկացած պայմանագիր ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլ Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է ապահովելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս