Փողոցը վերցրել է քաղաքական օրակարգ ձևավորելու՝ իշխանությունների մոնոպոլիան. Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկսած գործընթացին վերաբերվել որոշակի ստերեոտիպերով։ Իշխանությունները պնդում են, թե հանրահավաքը մարում է, քանի որ ամեն օր, այսպես ասած, «մայդան» չի լինում, հանրահավաքներ չեն անցկացվում, կամ հանրահավաքին քիչ մարդ էր գնացել, քան նախորդ հանրահավաքին էր, և այլն։

«Կարծում եմ՝ այս շարժումն այլ սցենարով ու մարտավարությամբ է ընթացել, մի քանի անգամ ասել եմ, որ սինուսոիդալ է այս շարժումը։ Շարժման կազմակերպիչները, տվյալ պարագայում՝ որպես լիդեր Բագրատ սրբազանը, ըստ էության որոշել են իրենց մարտավարության մեջ չչարաշահել միտինգային ռեսուրսը։ Այսինքն՝ եթե որոշվում է, որ հանրահավաք պետք է անցկացվի, որքանով ես հասկանում եմ, դա այն հերթական գագաթնակետն է այդ գործընթացի, որի ժամանակ կամ նոր մարտավարություն են մտցնում, կամ նոր նպատակ են սահմանում»,- 168.amի հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Բագրաստ սրբազանի առաջնորդած շարժմանը, հանրության սպասելիքներին և շարժմանն ուղղված՝ իշխանությունների քննադատություններին։

Ըստ մեր զրուցակցի, հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո, հիմա առանցքային կամ հիմնական պիկն է, և շարժման կազմակերպիչներն ընտրել են այդ մարտավարությունը։ Այդ պիկերի միջակայքում, երբ հանրահավաքներ չեն լինում, սովորաբար իշխանությունն ակտիվանում է և հայտարարում, թե շարժումը մարում է։ Մինչդեռ յուրաքանչյուր հանրահավաքին մեծ թվով մարդիկ են մասնակցում։

«Այս շարժմանը հաջողվել է արթնացնել ապատիայի մեջ գտնվող  զանգվածների զգալի տոկոսին։ Ես սա պայմանական անվանում եմ, որ արթնացրել է խոհանոցը, քաղաքական տեսակետից՝ ասում ենք՝ չէ՞ որ խոհանոցում խոսում են, բայց դրսում չեն խոսում՝ վախենալով հետևանքներից և այլն։ Այս շարժումը մտել է բոլորի «խոհանոցը», ոմանք դրա արդյունքում դուրս են եկել փողոց, ոմանք ժամերով օնլայն ռեժիմով են այդ ամենին հետևում, ոմանք էլ ուշի ուշով հետևում են, որպեսզի հաղթանակից հինգ րոպե առաջ ջուր բերեն։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ սկսում է  ձևավորվել նոր մտածելակերպ, նոր էլիտայի ծիլեր կան, ընդ որում, հետևողական աշխատանք էր արվում, քանի որ, երբ իշխանությունը հայտարարում էր, որ շարժումը մարում է, այդ նույն րոպեին հանդիպումներ էին անցկացվում տարբեր մասնագիտական խմբերի հետ։ Այս պահի դրությամբ սա է գլխավոր արդյունքներից մեկը»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը։

Նրա բնորոշմամբ, շարժումն իր մարտավարությունը հռչակել է խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Վերջերս մասնագետներով ուսումնասիրել են, թե խաղաղ ու թավշյա հեղափոխություններն ինչ ընթացք են սովորաբար ունենում, և ըստ Վիգեն Հակոբյանի, ուսումնասիրության արդյունքում հանդիպել են բավականին հետաքրքիր արդյունքների։ Պարզվում է, որ այն երկրներում, որտեղ հաջողության են հասնում, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունները, ինչ-որ փուլում եղել է ուժի ցուցադրում։

«Այսինքն՝ հաջողության հասնում են այն շարժումները, որտեղ ինչ-որ պահի իշխանության ուժային բաղադրիչները զգում են, որ կարող է ուժի ցուցադրում լինել։ Միշտ չէ, որ իշխանությունը կարող է առաջ տանել իր օրակարգը, որովհետև 2018 թվականից մինչև վերջերս՝ մարտ-ապրիլ ամիսներին, իշխանությունն էր հիմնականում ձևավորում քաղաքական օրակարգը, ուներ նման մոնոպոլիա։ Այժմ այդ մոնոպոլիան չկա, փողոցն է ձևավորում քաղաքական օրակարգ, իշխանությունները փորձում են դրանից շեղել, չի ստացվում»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս