Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքն այսօր կմուտքագրեմ. հաղորդակցության սահմանափակում Կարապետը չունի. պաշտպան
Հունիսի 5-ին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը Գեղարքունիքի մարզ էր մեկնել՝ Սոթքում հանրահավաք անելու նպատակով, Վարդենիսում ավտոերթի միջից ձերբակալվել ու Ոստիկանության Մարտունու բաժին էր տարվել գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը: Այդ մասին տեղեկացրել էր հենց ինքը՝ պարեկների մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Ըստ ՔԿ-ի՝ Կարապետ Պողոսյանը «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում, ցանկացել են տանել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, բայց վարորդը «նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։
Վարորդը, իհարկե, կարող էր հրաժարվել մեքենան հատուկ տարածք տեղափոխելուց, որովհետև օրենքով նման բան չի պահանջվում, ուստի որևէ օրինական պահանջի մասին խոսելը ոչ միայն տեղին չէ, այլև հակաիրավական:
Շարունակելով թվարկել ընդդիմադիր գործչի կատարած «հանցանքների» շարքը՝ ՔԿ-ն հավելել էր, որ Կարապետ Պողոսյանը նաև, «խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ»:
«Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք»,- գրված էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Կարապետ Պողոսյանի պաշտպանները ՔԿ հաղորդագրության կապակցությամբ հայտարարություն տարածեցին, որում նշել էին, որ «Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ»:
«Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, արդարացիորեն վրդովվելով ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ և խտրական գործողություններից, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և Պարեկային ծառայության աշխատակիցը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ տալու եղանակով արտահայտել է իր զայրույթը»,- նշել էին պաշտպանները:
Ինչ վերաբերում է վերջինիս մոտ հայտնաբերված հոգեմետ դեղամիջոցներին, պաշտպաններն ասել էին, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն այն մասին, որ այդ դեղահաբերը պատկանում են իր մայրիկին, ով դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իր մոտ դրանք, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին, հայտնվել են հանգամանքների պատահական զուգորդմամբ՝ մանրամասն ներկայացնելով ամբողջ եղելությունը։ Ընդ որում, նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել և վարույթի նյութերին կցվել են համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր։
Նրանք հերքել էին նաև ՔԿ այն պնդումը, որ «վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։
Կարապետ Պողոսյանն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է և դեռ ընտանիքի հետ կապ չի հաստատել: Վերջինիս կինը՝ Անգին Մալխասյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ կարանտինում է, ինքը փաստաբանների հետ է կապ պահում, մինչև կհաջողվի խոսել ամուսնու հետ:
Մեզ հետ զրույցում Կարապետ Պողոսյանի պաշտպաններից Սլավիկ Պողոսյանն ասաց՝ այսօր դատարան մուտք կանի Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը:
«Երեկ հանդիպել եմ իրեն, լավ էր զգում: Հաղորդակցության սահմանափակում չկա դրված դատարանի որոշմամբ: Կարանտինում է, դուրս գա, արդեն կօգտվի իր զանգի և տեսակցության իրավունքներից»,- ասաց Սլավիկ Պողոսյանը: