ՀՀ-ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Հարկային օրենսգրքում» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ՀՀ-ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի ԱԱՀ-ի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբերությունը։

Նշենք, որ փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։

Միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից` դրանով այն դարձնելով ավելի հասցեական։ Դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները։

Ինչ վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ապա այս ցանկից դուրս կբերվեն մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։

«Առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ են եղել, որոնցից մեկով առաջարկվում է մարզերում կազմակերպվող հանրային սննդի գործունեության մասով շրջանառության հարկի բեռի վերանայումը 1 տարի ավելի ուշ սկսել` 2025 թվականի հունվարի 1-ի փոխարեն 2026 թվականի հունվարի 1–ին։ Սա հիմնավորվում է այն տրամաբանությամբ, որ մարզերում այս գործունեության տեսակն ավելի ընդգծված սեզոնայնություն ունի, և երկրորդ` ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու հնարավորությունն էլ ավելի սահմանափակ են, որովհետև հիմնականում տնային տնտեսություններից են կատարվում»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նրա խոսքով` մեկ այլ փոփոխություն վերաբերում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որոնց համար կշարունակվի կիրառվել 5 տոկոս դրույքաչափը։

Նշենք, որ շրջանառության հարկի շեմը հիմա տարեկան մինչև 120 մլն դրամն է, իսկ միկրոբիզնեսի դեպքում` տարեկան մինչև 24 մլն դրամ։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2022 թ. տվյալներով` կա շուրջ 56 հազար շրջհարկ վճարող, որոնք 2023 թ. վճարել են ՀՀ ընդհանուր հարկերի ընդամենը 2.3 տոկոսը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930