Թուրքիան ժամանակավորապես կդադարեցնի Ռուսաստանից ցորենի ներկրումը
Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան որոշակի ժամանակահատվածով դադարեցնում է Ռուսաստանից ցորենի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ցորեն չի ներկրվելու մասնավորապես ընթացիկ տարվա հունիսի 21-ից մինչև հոկտեմբերի 15-ը:
Ռուսական կողմն արձագանքել է որոշմանը: Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից ի պատասխան հայտարարություն է տարածվել նախարար Օքսանա Լուտինի՝ հացահատիկի արտահանմամբ զբաղվող ընկերությունների հետ ունեցած հանդիպումից հետո:
Նշվել է, որ թուրքական կողմի որոշումը չի ազդելու Ռուսաստանի արտահանման ներուժի վրա, ավելին, ընդգծվել է, որ ռուս արտահանողները կենտրոնանալու են հացահատիկը դեպի Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Չինաստան և Հնդկաստան արտահանելու վրա:
Շեշտվել է նաև, որ նկատվում է դեպի Հնդկաստան և Չինաստան հացահատիկի ու լոբազգիների արտահանման ծավալներն ավելացնելու պոտենցիալ:
«Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել այն հարցում, որ Թուրքիայի կողմից ներկրկման դադարեցումը չի ազդի արտահանման ներուժի վրա»,-ասվել է հայտարարության մեջ: