Օ՛Բրայենի այցի նպատակը Սյունիքով միջանցքի վերահսկողությունն է. Սուրեն Սուրենյանց
3 օրով Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նախ դրվատանքի խոսքեր հղեց Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե նա բարեփոխումներ է իրագործել, թե Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են հայ ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ը աջակցում է տևական խաղաղությանը և ցանկանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական համագործակցությամբ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը պատահական չհամարեց Օ՛Բրայենի կողմից Փաշինյանին շռայլվող խոսքերը. ըստ նրա՝ իրականում հրապարակավ նման խոսքեր շռայլելու համար է, որ ԱՄՆ փոխպետքարտուղարը ժամանել է Հայաստան, որտեղ անցկացնելու է 3 օր։
«Ինքը շատ զբաղված պաշտոնյա է, իսկ եթե 3 օր ժամանակ է գտել Հայաստանում անցկացնելու համար, նշանակում է, որ իրենք անհանգստություններ ունեն։
Այսօր փողոցում հավաքված հասարակության գործոնից են անհանգստացած։ Իմ ունեցած տեղեկություններով՝ արևմտյան կենտրոններում անհանգստացած են՝ արդյո՞ք Փաշինյանը կվերահսկի իրավիճակը, թե՞ այն դուրս կգա նրա վերահսկողությունից։ Օ՛Բրայենի դիֆերամբները Փաշինյանին ընդամենը նրան բոնուս տալու մասին են վկայում»,– ասաց Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ փոխպետքարտուղարի այն դիտարկումներին, թե Հայաստանում ժողովրդավարություն է, ինչից իրենք գոհ են, ապա Սուրենյանցը նշեց՝ շատ կուզենար, որ Օ՛Բրայենն իր մաշկի վրա վայելեր 40 հոգու կողմից մեկ հոգու ծեծելու ժողովրդավար գործընթացն ու դրա պտուղները։
«Իրականում, սակայն, Արևմուտքը, որն իրեն նույնացնում է ողորմելի Փաշինյանի հետ, Հայաստանում վարկաբեկում է արևմտյան արժեքներն ու արժեհամակարգը։ Եթե Հայաստանում 6 ամիս անց հակաարևմտյան տրամադրություններ մոլեգնեն, թող հայ ժողովրդին դրա համար չմեղադրեն»,- ասաց նա։
Սուրեն Սուրենյանցը հատուկ ուշադրություն հրավիրեց Օ՛Բրայենի՝ այսօր հնչեցրած մեկ այլ, ՀՀ-ի համար վտանգավոր հայտարարության վրա, ըստ որի, խաղաղությունը թույլ կտա Հայաստանին օգտվել Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական տանող հաղորդուղիներից, ինչը նշանակում է, որ պաշտոնյան խոսում է Միջին միջանցքի, կամ որ նույնն է՝ «Զանգեզուրով միջանցքի» և դրա վերահսկողությունը վերցնելու մասին։
«Արևմուտքը փորձում է մոդերատորություն անել և դառնալ Սյունիքով միանցքի վերահսկողը, իսկ Արևմուտքի մոդերատորը Թուրքիան է»,- ասաց Սուրենյանցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։