ՌԴ-ի և Թուրքիայի միջև բանկային փոխանցումների դժվարությունները դեռ չեն վերացել
Ռուսաստանից Թուրքիա բանկային փոխանցումների կարգավորման հարցում էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում, գործարքների իրականացման հետ կապված խնդիրները պահպանվում են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ziraat» պետական բանկի ներկայացուցչին։
Աղբյուրը նշել է, որ կողմերին դեռ չի հաջողվել առաջընթացի հասնել այդ խնդրի լուծման հարցում: Նա նաև դժվարացել է կոնկրետ ժամկետներ նշել` ասելով, որ հավելյալ տեղեկություններ չունի։
«Դուք (ԶԼՄ-ների ներկայացուցիչները) առաջինը կիմանաք այդ մասին», – ընդգծել է նա:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև վճարային փոխանցումների խնդիրների մասին դեռ մարտի սկզբին հայտնել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
Նրա խոսքով՝ երկրների միջև փոխանցումների մի մասը կատարվում է, բայց շատ գործարքներ հետաձգվում են արևմտյան երկրների երկրորդային պատժամիջոցների վերաբերյալ տեղական ընկերությունների ու բանկերի մտավախությունների պատճառով: