Օգնություն՝ ճշմարիտ ուղուց շեղված երեխաներին

Տանն անպայման պետք է սիրո և խաղաղության մթնոլորտ տիրի: Իր ընտանիքում թեկուզ մի փոքր էլ սեր ստացած երեխան, եթե նույնիսկ հանկարծ փախչի տանից, ապա միևնույն է՝ կվերադառնա, երբ տեսնի, որ այլ տեղերում նա ոչ թե սեր է գտնում, այլ՝ կեղծավորություն միայն: Իսկ եթե նա հիշի տանը տեղի ունեցող անպարկեշտ տեսարանները, հայհոյանքն ու բռնությունը, ապա ինչպե՞ս պետք է նրա սիրտը ետ՝ դեպի տուն ձգվի:

– Հա՛յր, եթե երեխան հեռանա տանից, ծնողներն ի՞նչ անեն:

– Նրանք պետք է փորձեն նրա հետ կապը պահպանել, որպեսզի, երբ ուշքի գա՝ կարողանա վերադառնալ նրանց մոտ: Նրանք պետք է բարությամբ խոսեն երեխայի հետ, որպեսզի օգնեն նրան, պետք է ստիպեն նրան խորհել: Օրինակ, եթե երեխան գիշերները չգիտես, թե որտեղ է թափառում, մայրը պետք է ասի նրան. «Հապա մի այստեղ արի, որդի՛ս: Եթե դու իմ փոխարեն լինեիր, կկարողանայի՞ր հանգիստ մնալ, եթե քո երեխաները կեսգիշերն անց տուն վերադառնային»:

Երեխաների նույնիսկ ամենալուրջ անկումը չպետք է հուսահատության մատնի ծնողներին, որովհետև մեր ժամանակներում մեղքը նորաձև է դարձել: Ծնողները միշտ պետք է նաև հետևյալը հաշվի առնեն. մեր ժամանակաշրջանի երեխաներն իրենց գործած անօրենությունների համար մեղքը մեղմող հանգամանքներ ունեն: Ներկայիս ժամանակներում վարքի համար դրված չորսը՝ մեր երիտասարդության ժամանակների հինգին գումարածի արժեքն ունի: Իհարկե, ծնողները պետք է աշխատեն օգնել իրենց երեխաներին, բայց պետք չէ չափից դուրս անհանգստանալ: Ժամանակի ընթացքում երեխաները խելքի կգան: Այժմ հնարավոր է նրանք չհասկանան, թե որն է բարին, որովհետև դեռ այդքան չեն հասունացել: Նրանց միտքը դեռ մշուշոտ է և երեխաները չեն տիրապետում գիտակցության պարզությանը, որպեսզի տարբերեն թե՛ վտանգը, որին ենթարկվում են և թե՛ այն անուղղելի վնասը, որ կարող են իրենք իրենց պատճառել:

Կարդացեք նաև

Լավ կլինի, եթե ծնողները ցույց տան երեխային, որ իրենք վշտանում են նրա անկարգությունների պատճառով: Սակայն թող չճնշեն նրան և աղոթեն: Ցավից ծնված աղոթքը դրական արդյունքներ է բերում: Իսկ եթե երեխան շատ լուրջ զանցանք է գործում, ապա ծնողները պետք է զգուշորեն միջամտեն: Եթե թույլ տված զանցանքը մեծ չէ, ապա ծնողները թող մի քիչ աչք փակեն դրա վրա, որպեսզի չգրգռեն երեխային և ավելի չվատթարացնեն այն իրավիճակը, որի մեջ գտնվում է, որովհետև այդ գրգռման հետևանքն այն կլինի, որ երեխան նրանցից ետ կքաշվի: Այդպիսի դեպքերում ծնողները պետք է միայն աղոթեն Քրիստոսին և Ամենասուրբ Աստվածածնին, որ պաշտպանեն իրենց զավակին:

Ծնողների և հատկապես մոր աղոթքը շուտ է հասնում առ Աստված, որովհետև ի սրտե է արվում և իր մեջ ցավ է պարունակում: Երբ ես Իվերական մենաստանում էի ապրում, պատահաբար այնտեղ մի երիտասարդ եկավ: Այդ երիտասարդը, Խալկիդիկեով շրջելիս, ուխտավորների մի խմբի էր հանդիպել, որոնք Սուրբ Լեռ էին գնում:

Միանալով նրանց՝ նա Աթոս հասավ և եկավ իմ խուցը: Ախ, ի՜նչ տեսակ մարդ էր դա: Անաստված, աստվածանարգ և անամոթ մեկը: Եվ այդ ամենի հետ մեկտեղ նա ինչ-որ դիվական մտածելակերպ ուներ և ոչնչի չէր հավատում: Թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, բոլորին նա անարգում էր ամենավատ բառերով: Գիտե՞ք, թե որքա՜ն ջանք պահանջվեց ինձնից՝ նրան ուշքի բերելու համար: Վերջապես հնարավոր եղավ ինչ-որ փոխըմբռնման գալ և նույնիսկ հաջողվեց նրա երկար մազերը կտրել …: «Աստված մայրիկիդ առողջություն պարգևի,- ասացի նրան,- Այդ նրա աղոթքներն են քեզ այստեղ բերել»:

– «Այո՛, Հայր,- պատասխանեց ինձ,- Ես ուղղակի շրջում էի Խալկիդիկեով և ինքս էլ չհասկացա, թե ինչպես այստեղ հայտնվեցի»:

– «Իսկ պատկերացնո՞ւմ ես,- ասում եմ,- ինչպես կուրախանա մայրդ, երբ իմանա, որ դու Սուրբ Լեռ ես եկել և դեռ մազերդ էլ կտրել ես»:

– «Իսկ ինչպե՞ս կռահեցիր դա, Հա՛յր,- զարմացավ նա,- Երբ մայրս ինձ փոխված տեսնի՝ իսկապես շատ կուրախանա»:

Տեսնո՞ւմ եք, Աստված ավելի «հնարամիտ» գտնվեց երիտասարդից և գործուղեց նրան «մասնագետի» մոտ: Որքա՜ն աղոթք էր ուղղել Աստծուն նրա խեղճ մայրը:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս