«Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ընթացքին, ասաց՝ հաջողության բանալին համախմբումն է, այլ տարբերակ չկա։
«Ինչպես սրբազանը երեկ և այսօր իր կոչում ասաց՝ այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային հոծ բազմությունն է։ Շարժումը վաղուց արդեն ցույց է տվել Փաշինյանի լեգիտիմության բացակայությունը, հիմա ընդամենը մնացել է դրա արձանագրումը։
Ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ են ասել ՔՊ-ական պատգամավորները, ինչպես են անելու, որովհետև ժողովրդի ցասման, ժողովրդի ցանկությունը մենք պարտավոր ենք կատարել։ Կարևոր չէ՝ դա կլինի այսօրվա խորհրդի նիստի որոշմա՞մբ, թե՞ օրենքի ուժով գումարված լիագումար նիստում, համենայն դեպս, ոչ ոք, ոչ մի քաղաքական միավոր, ոչ մի Նիկոլ Փաշինյան այնքան չկա, որ ժողովրդի ցանկությունը չկատարի, իսկ ժողովրդի ցանկությունն ակնհայտ է՝ հեռացնել Փաշինյանին ու ապրել նորմալ, արժանապատիվ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ իհարկե, այդ ամենը հեշտ չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձելու է պահպանել իր իշխանությունը։ Դրա համար խնդրելու է Ադրբեջանին, Թուրքիային, ամեն ինչ է անելու։
«Վստահ եմ, որ կլինի այնպիսի բազմություն, որը կապահովի խնդրի լուծումը։ Բոլոր այն մարդանց, որոնք դեռ կասկածում են կամ մտածում են, թե արդյո՞ք արժե իջնել Բաղրամյան, թե՞ ոչ, ասեմ, որ ինչքան շատ մարդ լինի այստեղ, այնքան այստեղ ավելի անվտանգ է լինելու։ Հետևաբար՝ իրենց և այստեղ հավաքված մարդկանց համար, անհրաժեշտ է, որպեսզի այստեղ լինի շատ-շատ մարդ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում