ՔՊ-ականների կողմից զավեշտալի է հղում կատարել օրենքի դրույթներին, ովքեր ոտնակոխ են անում Սահմանադրության հիմնական դրույթները. Գոհար Մելոյան
Հունիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։ Հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ շարժման պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 11-ին, ժամը 16:30-ին նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ Կառավարության հրաժարականի ու նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով։ «Հունիսի 10-ին ԱԺ Խորհուրդը պարտավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացնել»:
Այսօր արդեն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրել են Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Իսկ Բագրատ սրբազանի երեկվա հայտարարությունից հետո, իշխանական պատգամավորները սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով համացանցում գրառումներ կատարել, թե այդ օրը մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյա նիստը և արտահերթ նիստ հրավիրելու ժամը համընկնում է ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամի հետ, ինչը նշանակում է՝ խախտել ԱԺ կանոնակարգ օրենքը։
Արդեն բազմաթիվ իրավաբաններ հակադարձել են իշխանական պատգամավորներին՝ նրանց խորհուրդ տալով լավ ուսումնասիրել ԱԺ կանոնակարգ օրենքը։
168.am-ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հակադարձելով իշխանական պատգամավորների անհիմն գրառումներին, նշեց՝ եթե իշխանական պատգամավորները մի քիչ լայնախոհ լինեին, ապա 40-րդ հոդվածին հղում անելիս չէին ընթերցի հոդվածի միայն մի հատվածը, այլ մյուս հատվածն էլ կկարդային։
«Եթե, իհարկե, հոդվածի այդ հատվածն իրենք են ընթերցել, այլ ոչ աշխատակիցներն են տպել ու տվել իրենց, ապա կտեսնեին, որ այդ հոդվածը նաև այլ բան է սահմանում։ Հերթական նիստերի երեքշաբթի օրվա հիմնական նիստի երկրորդ հատվածում կարող է քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարվող մեկ հարց։ Ժամային առումով էլ նույն կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս 18։30-ին արտահերթ նիստ հրավիրել ընդհանուր նիստից հետո»,- նշեց Գոհար Մելոյանը։
Սահմանադրագետի պարզաբանմամբ՝ եթե արտահերթ նիստը կոնկրետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով է, ապա այն ունի հատուկ ընթացակարգ, և այս դեպքում ևս կարող են հարցը քննարկել, ո՛չ ավել, և ո՛չ պակաս, քան 72 ժամվա ընթացքում։ Նույնիսկ, եթե նստաշրջաններն ավարտված են և պատգամավորներն արձակուրդի մեջ են գտնվում, ապա անմիջապես ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվում՝ հարցը քննարկելու կապակցությամբ։
«Հիմա առավել ևս, երբ մենք խոսում ենք ընթացիկ քառօրյա նիստերի մասին, ապա իշխանական պատգամավորների գրառումներին անդրադառնալն ավելորդ է։ Առաջին օրը չէ, որ մենք քաղաքական ու սահմանադրական ճգնաժամի պայմաններում ենք, որովհետև գործ ունենք մի ուժի հետ, որը պարբերաբար ոտնակոխ է անում Սահմանադրության հիմնական դրույթները բացահայտ կերպով։ Հետևաբար՝ ՔՊ-ականների կողմից զավեշտալի է հղում կատարել օրենքի դրույթներին։
Նույնիսկ այդ հղումը կատարելուց էլ նույն հոդվածի մի կետը մեջբերում են, իսկ նույն հոդվածի այլ ենթակետը ոչ՝ պարզապես չեն ընթերցել։ Ամփոփելով՝ ասեմ՝ նույն հոդվածը, որին իշխանական պատգամավորները հղում են կատարել, նախատեսում է, որ ընդդիմադիրները կարող են երեքշաբթի օրվա հիմնական նիստի երկրորդ մասում արտահերթ մեկ հարց քննարկել»,- եզրափակեց Գոհար Մելոյանը։