«Պաշտոնապես մոտ 3 ժամ առաջ մուտքագրել ենք ԱԺ 33 պատգամավորի ստորագրությամբ առաջարկը». Արծվիկ Մինասյան
Այսօր Բաղրամյան-Դեմիրճյան փողցների խաչմերուկում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությունը։
«ԱԺ պատգամավորները նախաձեռնել են հրավիրելու արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ ուղերձը Կառավարությանը՝ Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք պաշտոնապես 3 ժամ առաջ մուտքագրել ենք ԱԺ 33 պատգամավորների ստորագրություններով առաջարկը։
Գործող օրենքի համաձայն, եթե արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև հինգ աշխատանքային օր առաջ, ապա դրա համար անհրաժեշտ է ԱԺ խորհրդի դրական դիրքորոշումը։ Մեր գրության մեջ նշել ենք, որպեսզի օրենքի դրույթը պահպանվի, անկախ խորհրդի ցանկությունից այս նիստը գումարվի՝ 5 օրը պահելով՝ հաշվարկելով հանդերձ։ Եթե խորհուրդը դեմ լինի այս օրակարգին, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, իրենց գրության մեջ հստակ արձանագրվել է, և այսօր ԱԺ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նաև միջնորդություն են ներկայացրել, որ այսօրվա խորհրդի նիստի օրակարգում ներառվի հարցը և որոշում կայացվի, որպեսզի վաղը՝ հունիսի 11-ին, ժամը 18։30-ին արտահերթ նիստ գումարվի։
«Հաշվի առնելով ՔՊ-ական պատգամավորների վարքը, նրանք, որպես կանոն, տապալում են այդ նիստերը։ Բայց այսօր գլխավոր հարցը հետևյալն է, որ սահմանադրությամբ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդին՝ տվյալ դեպքում՝ 27 պատգամավորի մասին է խոսքը, մենք արդեն ունենք 33 պատգամավոր, կարող ենք համարել 35, որովհետև 2 պատգամավոր ուղղակի տեխնիկական պատճառներով չեն հասցրել ստորագրել։ Այսինքն՝ մենք ունենք սահմանադրական լիազորություններով օժտված ԱԺ պատգամավորների այնքան ստորագրություն, որով անպայման այս արտահերթ նիստի օրակարգը պետք է լինի»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում