Միջավայրի ազդեցությունը երեխայի վրա

– Հա՛յր, ո՞ր տարիքից են երեխաները շրջապատի ազդեցության տակ ընկնում:

– Երեխաներն արդեն օրորոցից են «պատճենում» իրենց ծնողներին: Նրանք տեսնում են այն, ինչ մեծերն են անում, «պատճենում են» և ձայնագրում իրենց մաքուր «ձայներիզի» վրա: Այդ պատճառով էլ ծնողները ջանադրաբար պետք է փորձեն արմատախիլ անել իրենց կրքերը: Այն փաստը, որ այդ կրքերից որոշները նրանք իրենց ծնողներից են ժառանգել, ոչինչ չի նշանակում: Նրանք Աստծո առաջ պատասխան են տալու ոչ միայն նրա համար, որ ջանք չեն թափել այդ կրքերից ազատվելու համար, այլև՝ պատասխանատվություն են կրելու այդ կրքերն իրենց երեխաներին փոխանցելու համար:

– Հա՛յր, իսկ ինչպե՞ս է պատահում, որ հայրական տանը միևնույն դաստիարակություն ստացած երեխաներն ամենևին նման չեն լինում միմյանց:

– Հաճախ երեխան շրջապատից էլ է մեծ ազդեցություն ընդունում: Սակայն եթե նա դեպի բարին է հակված, ապա երբ հասակ առնի, Աստված նրան ավելի շատ կլուսավորի, որպեսզի նա տեսնի այն բացասական ազդեցությունները, որոնց ենթարկվել է: Եվ սխրանք գործի, որպեսզի ազատվի դրանցից:

Կարդացեք նաև

Այսօր աշխարհում չարիքն է ապրում: Երեխաներին ուզում են օրորոցից փչացնել: Փոխարենը երեխաներին չարից հեռու պահելու, քանի դեռ նրանք չեն հասել կատարյալ տարիքին, նույնիսկ բարու հարցում են արգելք հանդիսանում: Այնուհետև մեղքի մեջ ընկնելով ու տանջվելով, թշվառ երեխաներն ուզում են ոտքի ելնել, բայց չգիտեն թե ինչպես դա անել: Չէ՞ որ «քաղցր» բլրից ցած գլորվելով, նրանց համար արդեն հեշտ չէ կանգ առնելը: Ինձ մոտ խուց են գալիս քսանհինգ-քսանյոթ տարեկան երիտասարդներ, որ թմրանյութեր են գործածում և ապրում՝ մեղքի մեջ: Եվ այդ դժբախտներն օգնություն են խնդրում:

Մի անգամ այնպես պատահեց, որ ես օգնեցի այդպիսի մի երեխայի՝ ճիշտ ճանապարհի վրա կանգնելու: Եվ ահա այժմ նրանք ինձ մոտ են բերում իրենց ընկերներին, այնուհետև ընկերների ընկերներին, որպեսզի նրանք էլ օգնություն ստանան: Այդ երիտասարդները սիրտդ են քրքրում: Մի թշվառ պատանի շատ ուժեղ թմրանյութեր էր գործածում և մի ոտքով արդեն գերեզմանում էր: Ծակծկված թևեր, փտած ատամներ… Բայց հետո նա կանգ առավ և օգնեց ուրիշներին: Նրա ընկերական շրջապատում մոտ տասնհինգ պատանի կար: Եվ ինձ մոտ գալով՝ նրանք ներկայանում էին. «Ես այսինչի ընկերախմբից եմ»:

Նա նրանց… «լիդերն» էր: Սակայն այդ դժբախտներից շատերը անդունդն են թռչում: Նրանք ասեղի վրա են նստած, բայց որպեսզի թմրանյութի համար փող ձեռք բերեն, իրենց արյունն են վաճառում… Այդ պատանիները թե՛ իրենց են կործանում, թե՛ իրենց ծնողներին: Եվ ահա հետո էլ տեսնում ես, թե ինչպես են նրանց հայրերը մահանում կաթվածից, մայրերը՝ սրտի, լյարդի կամ մեկ այլ հիվանդությունից:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս