ՔՊ-ն Գրիգոր Մինասյանին շրջապատել է կենդանի «ժուչոկներով». թիրախում փոխնախարարներն են

Կառավարությունում և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համար հերթական նախազգուշական դեղին լույսն է վառվել։

Այդ լույսերը վառվում են պարբերաբար, և ամեն անգամ Գրիգոր Մինասյանը կարողանում է չեզոքացնել իր գլխին կախված վտանգը: Իրավապահ մարմիններում ուշագրավ լուրեր են շրջում այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր անգամ Գրիգոր Մինասյանը հաջողեցնում ջրից չոր դուրս գալ, բայց խոստանում են այդ մասին պատմել իշխանափոխությունից հետո:

Գրիգոր Մինասյանից Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի այս անգամվա դժգոհության պատճառն այն է, որ, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, Փաշինյանին և ՔՊ կուսակցության վերնախավին, մեղմ ասած, դուր չեն գալիս Մինասյանի տեղակալները՝ արդարադատության փոխնախարարները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և խմբակցությունում բացասական վերաբերմունք է ձևավորված առավելապես փոխնախարար Լևոն Բալյանի նկատմամբ, թեև մյուս տեղակալների՝ Արմենուհի Հարությունյանի և Կարեն Կարապետյանի մասով ևս վերաբերմունքը դրական չէ։

Կարդացեք նաև

Կառավարությունում, ՔՊ կուսակցությունում և խմբակցությունում անգամ խոսում են, որ նախարարությունների շարքում Արդարադատության նախարարությունն այս պահին միակն է, որտեղ փոխնախարարներն ունեն շատ ցածր կրթական մակարդակ և որակավորում։

Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրի հավաստմամբ՝ այս հանգամանքը սկսել է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարել է մանրակրկիտ հետևել Արդարադատության նախարարության գործունեությանը՝ դրանից բխող հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հանձնարարել է իր աշխատակազմի իրավասու ստորաբաժանումներին (պետաիրավական հարցերի և իրավաբանական վարչություններին) իրեն տեղեկանք տրամադրել Արդարադատության գործունեության, նախարարական կոմիտեներում Արդարադատության փոխնախարարների աշխատանքի որակի և այլ կարևոր հարցերի մասին։

Մեր աղբյուրի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նմանաբովանդակ տեղեկանք է պահանջել նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից։

Տեսանյութեր

Լրահոս