Հաջորդ զիջումները լինելու են Արարատում, Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում՝ սահմանապահները դուրս են գալու այդ վայրերից. Հայկ Նահապետյան
Փաշինյանը գնալու է զիջումների. Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման մասին։
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորներն ու սահմանապահները Հայաստանի այդ շրջաններում տեղակայվել են 2020 թվականի աշնանը՝ ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ։
«Փաշինյանն ասել է, որ ներկայում փոփոխված պայմանների պատճառով ՌԴ զինվորականների տեղակայման անհրաժեշտություն այլևս չկա: Ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հավելել է, որ Երևանի խնդրանքով` ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններում։
Հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների մնալը տրամաբանական է, հաշվի առնելով Թուրքիայի հետ առայժմ չկարգավորված հարաբերություններն ու հնարավոր վտանգը, իսկ հայ-իրանական սահմանին ինչո՞ւ են շարունակելու մնալ ռուս սահմանապահները։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այս հարցերին ի պատասխան՝ պարզաբանեց, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը տեղի է ունեցել միջպետական պայմանագրի հիման վրա, որը կնքվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին։
«Հետևաբար, եթե այս սահմանից էլ ռուս սահմանապահներին հեռացնեն, կնքված պայմանագիրը պետք է չեղարկվի։ Իսկ մնացած վայրերում, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում, սահմանապահների տեղակայումն իրականացվել է միջգերատեսչական պայմանագրի հիման վրա։
Ինչ վերաբերում է Արարատից, Վայոց ձորից, Սյունիքից, Գեղարքունիքից ռուս սահմանապահներին հանելուն, ուզում եմ հարցնել՝ այդ տարածքներում ո՞ւմ խնդրանքով են տեղակայվել. 44-օրյա պատերազմից հետո՝ Փաշինյան Նիկոլի անձնական խնդրանքով: Հիմա, եթե նա գտնում է, որ այլևս անհրաժեշտություն չկա, որպեսզի մնան այդ սահմանին, ապա ռուսական կողմը որևէ ձևով չի ընդդիմանում»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։
Թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց այս պահին այդ վայրերից դուրս բերել ռուս սահմանապահներին, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը Տավուշում մինչև «սահմանազատում» իրականացնելը, այնտեղից դուրս բերեց ռուս սահմանապահներին։ Հետևաբար, հիմա սահմանապահներին դուրս բերելը մյուս վայրերից ի՞նչ է հուշում։
«Սա հուշում է, որ հաջորդ գործընթացը լինելու է Արարատում, Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում, այսինքն՝ այս վայրերից է հաջորդիվ Նիկոլը տարածքներ զիջելու թշնամուն»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։
Իսկ հնարավո՞ր է՝ հաջորդ փուլում էլ 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց քննարկվի և չեղարկվի 1992 թվականի միջպետական պայմանագիրը: Հայկ Նահապետյանը մեր այս հարցին պատասխանեց՝ պայմանագիրը, որը ստորագրվել է 1992 թվականին, Մոսկվա այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է։ Իսկ 1995 թվականին ստորագրված պայմանագիրը, որով 102-րդ ռազմաբազան է տեղակայվել ՀՀ-ում, այնտեղ ցանկացած կետի վերաբերյալ պետք է լինի երկկողմանի համաձայնություն։
«Սա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Հայաստանը ունենար նոր սահմանադրություն, ճանաչվեր չեզոք պետություն և վերպետական ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցություն չունենար։ Այդ ժամանակ միայն 102-րդ ռազմաբազայի մնալու հարցը կկարգավորվի՝ ըստ նոր սահմանադրության։
Այսինքն՝ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահները մնալու են, 102-րդ ռազմաբազան առայժմ մնալու է, իսկ մյուս մարզերում, որտեղից դուրս են գալու, սպասեք Փաշինյանի կողմից նոր զիջումների»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։