2024թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա համեմատ արտադրվել է 0.4 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա. ՀՀ վիճակագրական կոմիտե
Այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Այսպես, հաշվետու շրջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 30.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 723 մլրդ 685 մլն դրամ: Այս տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 0.2 տոկոս: 2024 թվականի մարտին Հայաստանում մեկամյա կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 33.5 տոկոսով՝ կազմելով 262 մլրդ 483.8 մլն դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին 3.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 87 մլրդ 274.1 մլն դրամ:
Տարվա առաջին եռամսյակում շինարարության ծավալը 11.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 72 մլրդ 195.4 մլն դրամ: Ընթացիկ տարվա փետրվարի համեմատ մարտին աճը կազմել է 29.4 տոկոս: 2024 թվականի մարտին շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 13.1 տոկոսով՝ կազմելով 30 մլրդ 638.2 մլն դրամ:
Ներքին առևտրի շրջանառությունը 2024-ի հունվար-մարտ ամիսներին 26.5 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 238 մլրդ 169.2 մլն դրամ: Այս տարվա մարտին փետրվարի արդյունքը գերազանցվել է 20.1 տոկոսով: 2023 թվականի մարտի համեմատ այս տարվա նույն ամսին առևտրի շրջանառությունն աճել է 30.4 տոկոսով՝ կազմելով 489 մլրդ 92.6 մլն դրամ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 5 տոկոս աճ՝ կազմելով 745 մլրդ 590.5 մլն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 15.1 տոկոս: Այս տարվա մարտին ՀՀ բնակչությանը մատուցած ծառայությունների ծավալը 4.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից՝ կազմելով 272 մլրդ 479.5 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.2 տոկոսով: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, նշված ինդեքսը նվազել է 0.2, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ՝ 1.2 տոկոսով:
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրվել է 0.4 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա՝ 2 մլրդ 475.1 մլն կՎտ/ժամ: Այս տարվա մարտին արտադրվել է 1.7 տոկոսով շատ էլեկտրաէներգիա, քան փետրվարին: Մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արտադրվել է 8 տոկոսով շատ էլեկտրաէներգիա՝ 826.3 մլն կիլովատ ժամ:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև դրա փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: