Բայդենը մեծացնում է պողպատի ներմուծման մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է եռապատկել Չինաստանից ներմուծված պողպատի նկատմամբ մաքսատուրքերը, քանի որ, նրա խոսքով, այն խաթարում է ԱՄՆ-ում ոլորտի զարգացումը։ Դիտորդների խոսքով, սա Փենսիլվանիա նահանգի ընտրողներին հասցեագրված ուղերձ է․ նահանգում մեծ կշիռ ունեն պողպատաձուլարաննները։
ԱՄՆ նախագահ Բայդենը Փենսիլվանիայում՝ պողպատի արտադրության ոլորտի աշխատակիցների հետ հանդիպանը հայտարարել է, որ կպաշտպանի նրանց չինական էժան ներմուծումներից:
«Գները անարդարացիորեն ցածր են, քանի որ Չինաստանում պողպատի արտադրության ոլորտում գործող ընկերություններին Չինաստանի կառավարությունը մեծ չափով սուբսիդավորում է: Նրանք չեն մրցում, նրանք խաբում են, և տեսել ենք ինչ վնաս է ստանում դրանից Ամերիկան»,- ասել է Բայդենը:
Բայդենը խոստացել է դիմակայել չինական անբարեխիղճ մրցակցությանը՝ Պեկինին անվանելով «այլատյաց»:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը արձագանքել է, թե նման մեղադրանքները անհիմն են և արվում են մի երկրի կողմից, որը, ըստ նրա, պետք է չեղարկի Չինաստանի դեմ սահմանված իր բարձր մաքսատուրքերը:
«Չինաստանը տեղյակ է այդ ամենից։ Կցանկանայինք հարցնել. «Խոսում եք Չինաստանի՞, թե՞ ԱՄՆ մասին»,- ասել է Ցզյանը:
Սահմանելով նման բարձր մաքսատուրք՝ Բայդենը կարող է անցնել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի արված քայլից, որը 25% մաքսատուրք էր կիրառել չինական պողպատի որոշ տեսակների նկատմամբ:
«Ամերիկայի ձայնին» փոխանցված Թրամփի նախընտրական թիմի հայտարարությունում ասված է․ «Բայդենի քարոզչության թիրախում նախագահ Թրամփի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերն են, և Բայդենի [ղեկավարած] Սպիտակ տունը ծրագրում է նմանատիպ մաքսատուրքեր կիրառել։ Բայդենի թիմը ղեկավարում են մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ անել»:
Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ներկայացուցիչ Ռեյչել Զիեմբայի խոսքով, այս հարցում Բայդենի ու Թրամփի մոտեցումների տարաբերությունը կայանում է նաև նրանում, որ ԱՄՆ նախկին նախագահը լայնորեն օգտագործում էր բարձր մաքսատուրքերի հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքներ կնքելիս։
«Այժմ Բայդենի վարչակազմը օգտագործում է բարձր մաքսատուրքերը, նաև արդյունաբերական աճին նպաստող քաղաքականություն է վարում և կիրառում է այլ խթաններ՝ փորձելով խրախուսել ԱՄՆ-ում արդյունաբերության աճը, խրախուսել օտարերկրյա և ամերիկյան ներդրումները»,- ասում է Զիեմբան:
Գաղտնիք չէ, որ Փենսիլվանիա նահանգում պողպատի արտադրության ոլորտի աշխատակիցների ձայները կարող են կարևոր լինել առաջիկա ընտրություններում, և նահանգում Բայդենի ջանքերն ուղղված են այդ քվեների ստացմանը։ Փենսիլվանիայում իրականացվող Սպիտակ տան ղեկավարի քարոզարշավին իր մասնակցությունն է ունեցել ոլորտի աշխատակից Ջոջո Բուրգեսը:
«Այսօր ունենք այս երկրի պատմության ընթացքում ամենաամերիկամետ, աշխատասեր նախագահ: Դոնալդ Թրամփը մտածում է միայն մեկ անձի մասին, և այդ անձը Դոնալդ Թրամփն է»,- ասում է Բուրգեսը:
Իր հերթին՝ Թրամփը փորձում է ձայներ շահել ավտոարտադրության ոլորտում, ուր բողոք կա գործերի վիճակի հետ կապված։
«Ավտոարդյունաբերությունը սպանվում է, և կարևոր չէ, թե ինչ եք ստանալու առաջիկա երկու-երեք շաբաթներին, կամ հինգ շաբաթվա ընթացքում։ [Գործարանները] փակվելու են, և ավտոմեքենաների արտադրությունը տեղափոխվելո է Չինաստան ու այլ վայրեր»,- ասել է Թրամփը:
Այս տարվա սկզբին անցկացված NBC News-ի սոցհարցման համաձայն, արհմիությունների մաս կազմող ընտրողների մեծ մասը նախընտրում էր Բայդենին, բայց Թրամփին աջակցող արհմիութենական ընտրողների հետ տարբերությունը նվազել էր՝ 2020 թվականի հետ համեմատած: