Տրամաբանական է, որ պաշտոնական Երևանը նախօրեի համաձայնությունը փորձում է ներկայացնել որպես«աննախադեպ» ձեռքբերում, իսկ Ադրբեջանն էլ իր «հաղթանակն» է տոնում. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Էական.
Տրամաբանական է, որ պաշտոնական Երեւանը նախօրեի համաձայնությունը փորձում է ներկայացնել իր «աննախադեպ» ձեռքբերում, իսկ Ադրբեջանն էլ իր «հաղթանակն» է տոնում: Այդ գործերին «միացված» են տարբեր այլ սուբյեկտներ:
Փորձենք մեր հնարավորության սահմանում «անջատվել» տեղեկատվա-քարոզչական գրոհներից եւ դիտարկել խնդիրը հնարավորինս ռացիոնալ եւ առարկայական: Եվ այդ տեսանկյունից, ուշադրության արժանացնենք սահմանազատման հանձնաժողովների նախօրեի հայտարարության հետեւյալ կետը.
-Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Ի՞նչ է նշանակում սա: Նշանակում է, որ, գործընթացը ըստ էության ենթակա է Խաղաղության պայմանագրին, քանի որ դրա իրավական ստատուսը բնականաբար լինելու է ավելի բարձր, եթե լինի այդ պայմանագիրը: Ամբողջ հարցն այստեղ է՝ «եթե լինի»: Իսկ պայմանագրի գործընթացը առանձին, ու անկասկած շատ ավելի խրթին աշխարհաքաղաքական գործընթաց է: Ալմա-Աթիի հռչակագիրը փաստացի «առկախվում» է պայմանագրից: Եվ մեծ հավանականությամբ, փակագծերի մեջ վերապահումը ներառվել է ադրբեջանական կողմի պնդումով, քանի որ այդ վերապահումը Բաքվին ըստ էության տալիս է հարկ եղած դեպքում Ալմա Աթին «լեգիտիմ» ձեւով լղոզելու հնարավորություն: Ադրբեջանը թերեւս այդ պայմանով է համաձայնել հռչակագրի հիշատակմանը:
Երեւանն առաջնորդվել է թերեւս նրանով, որ նույնիսկ այդ գնով ձեռք բերվի ինչ-որ համաձայնություն, միայն թե բացվի ժամանակային շատ, թե քիչ կանխատեսելի եւ կառավարելի կայուն տարածություն: Ամբողջ հարցն այն է սակայն, թե խորքային առումով ի՞նչ եւ ինչպե՞ս է փոխվելու այդ ժամանակի ընթացքում»: