Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարեվերջին Ավանեսյանը Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով ՕՖԵՐՏԱՅԻ պայմանագիրը։

Իրականում, այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել եւ սպառվել է։ Ավանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։ Մեզ հայտնի դարձավ, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են, ընդ որում՝ սահմանափակումները սկսել են ներմուծվել «շուստրի» եղանակով. օրինակ՝ սկզբից՝ սկսել է Armed ծրագիրը «կախել», ոչ լիարժեք կերպով աշխատել, եւ բուժհաստատությունները չէին կարողանում որեւէ հայտ բացել, որեւէ այց գրանցել, իսկ հետո՝ արդեն շատ կոնկրետ սկսել են գործել սահմանափակումներ՝ դժվարամատչելի ծառայությունների մասով։

Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, եւ կրկին հերթագրում իրականացնել։ Երեկվանից բուժհաստատություններում քաոս է»:

Տեսանյութեր

Լրահոս