Բերքն աստիճանաբար իրացվում է, բայց կաղամբի հարցում որոշ չափով տուժել են, փչացող ապրանք է, մի մասը թափել են. Զոլաքարի վարչական ղեկավար
Դեռևս մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչները փակել էին Մարտունի-Երևան ճանապարհը՝ պահանջելով լուծել իրենց մշակած կաղամբի և կարտոֆիլի իրացման խնդիրները։
Բողոքող գյուղացիները ճանապարհը փակել էին կես ժամով, որից հետո հանդիպել էին համայնքապետի հետ և պայմանավորվել, որ Գեղարքունիքի մարզպետը խնդիրը կներկայացնի նախարարություններին և մարտի 11-ին հստակ պատասխան կտա բնակիչներին։
Այդ ժամանակ Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ կարտոֆիլ ու կաղամբ չի իրացվում Հայաստանի շուկայում։
«Պետության կողմից գնում չի իրականացվել, մասնավորներն են գնել՝ ՌԴ էր արտահանվում որոշ քանակով, երբեմն Վրաստանից էին գալիս-տանում, հիմա չեն գալիս։ Դե, հասկանալի է, որ Հայաստանում էլ այդքան կարտոֆիլ ու կաղամբ չի իրացվում։ Եթե մատակարար լիներ, բնակիչներն այս խնդրին չէին բախվելու, մեր շուկայում այդքան պահանջարկ չկա»,- ասել էր Հրայր Մարգարյանը։
168.am-ն այսօր Զոլաքարի վարչական ղեկավարից կրկին հետաքրքրվեց խնդրի մասին, թե արդյոք այն լուծում ստացե՞լ է, թե՞ ոչ։
Ըստ վարչական ղեկավարի, մարզպետը խնդիրը ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարությանը և այլ նախարարությունների, որից հետո բնակիչները սկսեցին իրենց բերքն աստիճանաբար իրացնել։
«Այս պահին մի մասը Երևանի սուպերմարկետներից ու սննդի կետերից մեկին են տալիս, կան նաև, որ արտահանում են Վրաստան, նաև անհատներ կան, որ գալիս են, գյուղից տանում են։
Կաղամբի հարցում, դե, բնակիչները որոշ չափով տուժել են, այն փչացող ապրանք է, որոշ մասը թափել են։ Բայց երեկ ու դրա առաջին օրը տարել են ահագին կաղամբ, որ հանձնեն»,- նշեց Հրայր Մարգարյանը։
Ինչ վերաբերում է մթերման գներին, մեր զրուցակիցն ասաց.
«Գինը կախված է որակից, նայած՝ ինչ որակի կաղամբ ու կարտոֆիլ է, ըստ այդմ էլ համարժեք վճարում են»։