Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անարդար է համարում այն, որ Ուկրաինան և Մոլդովան անցել են Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի փուլ, իսկ Վրաստանը՝ դեռ ոչ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Կոբախիձեի արած հայտարարությունը Գերմանիա կատարած պաշտոնական այցի ամփոփման ժամանակ:

«Դուք գիտեք, որ այսօր մենք ունենք անարդարություն: Մասնավորապես, բանակցություններ են բացվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ (ԵՄ-ին անդամակցելու շուրջ-խմբ. ՏԱՍՍ), բայց ոչ Վրաստանի հետ, այն ժամանակ, երբ մենք լրջորեն առաջ ենք անցնում երկու երկրներից։ Այս անարդարությունը պետք է ավարտվի, և մենք (խմբ. Վրաստան) հուսով ենք, որ դեկտեմբերին այն արդյունավետորեն կվերացվի», – նշել է Կոբախիձեն:

2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրամիության խորհրդին բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ համայնքին անդամակցելու վերաբերյալ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Եվրահանձնաժողովի զեկույցում ասվում է, որ այն առաջարկում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ՝ պայմանով, որ հանրապետությունը բարեփոխումներ կիրականացնի տարբեր ոլորտներում։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ համայնքի երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ դրան միանալու վերաբերյալ։ Գագաթնաժողովում հայտարարվել է նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին։

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։ Նա արդեն բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված ձևաչափով:

Տեսանյութեր

Լրահոս